Անցնող շաբաթը հարուստ էր տարաբնույթ հետաքրքիր իրադարձություններով. ամբողջ աշխարհում շարունակվեցին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր արձանագրվեցին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, իսկ Հայաստանում շարունակվեցին սահմանադրական բարեփոխումն երի վերաբերյալ քննարկումները: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

 

Ամբողջ աշխարհում կրկին շարունակվեցին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները: Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի վերջին օրը ելույթ ունեցան հայտնի ցեղասպանագետներ: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ, ցեղասպանագետ Դանիել Ֆիերշտեյնը կարեւորեց ցեղասպանությունների ուսումնասիրումը դրանք հետագայում կանխարգելելու համար: «Այս առնչությամբ շատ կարեւոր է օրենսդրական դաշտի առկայությունը: Պետք է ոչ միայն ճանաչվեն ցեղասպանությունները այլեւ դրանց ժխտումը քրեորեն պատժվի»,- ասաց նա' հավելելով, որ ցեղասպանագետները լուրջ աշխատանք ունեն:

 

«100 LIVES» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրեգորյանը բաց նամակով դիմեցին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ միանալով ՄԱԿ-ի' Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ մեկնարկած քարոզարշավին: Նրանք գլխավոր քարտուղարին առաջարկում էին միանալ«Ավրորա»-ի թեկնածուների առաջադրմանը:

 

Նոր Զմյուռնիայում օգոստոսի 29-ին կմեկնարկի երկրի ամենակարեւոր եւ սիրելի մշակութային փառատոններից մեկը' «Իոնիկեսի հիշատակում 2015»-ը: Մշակութային փառատոնը կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմամբ, իսկ առաջին օրը նվիրված կլինի բացառապես հայկական մշակույթին: Հայկական մշակույթը Հունաստանում հունահայ պատանիների հետ կներկայացնեն նաեւ Արցախից ժամանած 25 պատանիներ:

 

Արգենտինայի հայ համայնքը «Սիրանուշ» մշակութային կենտրոնում Արգենտինային նվիրված մշակութային միջոցառմամբ իր երախտագիտությունը հայտնեց արգենտինացիներին Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու համար: Համերգի ընթացքում հնչել են հայ ժողովրդական եւ ժամանակակից ստեղծագործություններ: Միջոցառումն ավարտվել է Շառլ Ազնավուրի երգերով, որոնք կատարել է «Արաքս» համույթը:

 

Ստոկհոլմի Ռազմական թանգարանում օգոստոսի 25-ին բացվեց «Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված էին Վեգների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ' հեղինակի գրառումներով և բացատրագրերով։

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Վալանս քաղաքում տեղի կունենա «Մենք ենք ապագան» խորագրով ցուցահանդես' նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված եւ Ֆրանսիայում ապաստան գտած հայ որբերի ճակատագրին: Շարժական ցուցադրությունը ներառում է 1918-1923թթ. Ֆրանսիա գաղթած հայ որբերի փաստաթղթղերը, լուսանկարները, նրանց կենսագրականներն ու կատարած աշխատանքները: Ցուցահանդեսին կներկայացվի նաեւ, թե հայ որբերը ինչպիսի նվաճումների են հասել Ֆրանսիայում:

 

Ֆրանսիական France 3 հեռուստաընկերությունը 55 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ է պատրաստել հայերի և հայոց պատմության մասին' այն վերնագրելով «Հայերի գարունը»: Ֆիլմի մուտքի հատվածում նշվում է, որ մեկ միլիոնից ավելի հայերի կյանք խլած և հարյուր հազարներին բռնագաղթի ենթարկած Հայոց ցեղասպանությունից արդեն անցել է հարյուր տարի: Ֆիլմում այնուհետև ներկայացվում է ֆրանսահայ Վարուժան Արթինը, ով ժամանակին երդվել էր երբեք Թուրքիա ոտք չդնել, սակայն հետագայում որոշեց իր համար բացահայտել իր նախնիների հողը: «Նրա համար ցնցող հայտնագործություն էին այն մեծաթիվ ծպտյալ հայերը, ովքեր կարողացել են վերապրել այս դարի առաջին մեծ ցեղասպանությունը և երբեք չեն լքել Թուրքիան»,- ասվում է ֆիլմում: «Հայերի գարունը» ֆիլմը կհեռարձակվի օգոստոսի 31-ին Փարիզի ժամանակով 23:25-ին:


Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

 

Անցնող շաբաթ կրկին անհանգիստ էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում: Հանգստյան օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային հրաձգային զինատեսակներից շարունակեց ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմեցին պատասխան գործողությունների. տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվեց առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ:

 

Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում հակառակորդը շարունակեց տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս անգամ ադրբեջանական կողմը հայկական դիքրերի ուղղությամբ կիրառեց նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, սակայն ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշեցին հակառակորդի ակտիվությունը:

 

Օգոստոսի 28-ին' ժամը 01.40-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկեց հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը' կորուստներ պատճառելով հետ շպրտեց իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չունեցավ: Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդն օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտեց 110 անգամ' արձակելով 2000-ից ավելի կրակոց:


Սահմանադրական բարեփոխումներ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 24-ին ընդունեց «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում միջազգային այս հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար՝ կարևորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում:

 

Նախագահի հետ հանդիպման հաջորդ օրը Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպեցին Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը սկզբունքային տարաձայնություններ չունի հայաստանյան գործընկերների հետ: Նա հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ մինչև սեպտեմբերի կեսերը ևս մեկ նախնական կարծիք է ներկայացնելու: Քրիստո ֆ Գրաբենվարտերը նաև տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում նոր Սահմանադրության վերջնական տարբերակի մասին ամփոփիչ գնահատական Վենետիկի հանձնաժողովը կհրապարակի այս տարվա հոկտմեբրի 26-28-ին:

 

Գրաբենվարտերը միաժամանակ նշեց, որ հանձնաժողովի անդամները վստահ են, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքում Սահմանադրության վերջնական տարբերակում հաշվի կառնվեն իրենց առաջարկությունները: Անդրադառնալով 89-րդ հոդվածի բովանդակությանը, որը ՀՀ նախագահին ներկայացված վերջնական տարբերակում որոշակի փոփոխությունների է ենթարկվել' Վենետիկի հանձնաժողովի անդամը նշեց, որ տեղյակ են կատարված փոփոխություններից ու դա համարում են իրենց առաջարկության արձագանքը հայաստանյան հանձնաժողովի կողմից: «Մենք տեքստ չենք առաջարկում, պարզապես հայտնում ենք, թե մշակված տեքստը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, թե ոչ: Այդ փոփոխությունն արձագանքն է մեր մոտեցմանը: Մենք առաջարկում ենք 89-րդ հոդվածից հանել չորրորդ, հինգերորդ ու վեցերորդ մասերը»,-ավելացրեց Քրիստոֆ Գրաբենվարտերը:

 

Անցնող շաբաթ մեկնարկեցին Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Նախագահի հանդիպումները: Սերժ Սարգսյանը նախ հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ: Անդրադառնալով հանդիպման ժամանակ տեղի ունեցած քննարկմանը' ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ կուսակցությունն իր դիրքորոշումներն է ներկայացրել ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ' շեշտելով, որ ԲՀԿ-ն բավարարված է Նախագահի հետ հանդիպման արդյունքներից:

 

Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ հանդիպումների շրջանակում Սերժ Սարգսյանն ընդունեց նաև ՀՅԴ-ի ներկայացուցիչներին: Նախագահի հետ հանիդպմանը կուսակցության անդամներըպատրաստակամություն հայտնեցին ՀՀ Ազգային ժողովում շարունակել ակտիվ և համակողմանի քննարկումները մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, որում, ըստ նրանց, տեղ են գտել երկրի զարգացումն ապահովող՝ իրենց համար կարևոր հիմնական շեշտադրումներն ու Հ ՅԴ մոտեցումները:

 

Գործընթացի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՍԴՀԿ-ն: Համաձայն հայտարարության' Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության Երևանի գրասենյակում՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության և Հայաստանի վարչության անդամների, ինչպես նաև մասնագետների մասնակցությամբ, սկսվել են սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստի վերջնական գնահատականի շուրջ քննարկումները: Քննարկումների ավարտից հետո ՍԴՀԿ-ն հանրությանն ու պատկան մարմիններին կներկայացնի նախատեսվող սահմանադրական բարեփոխումների շուրջ իր հավաքական գնահատականը:

 

ՀՀ Նախագահը հանդիպեց նաև ՕԵԿ-ի, Հայոց համազգային շարժում կուսակցության, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության, Ազատ դեմոկրատներ և Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում իրենք ներկայացրել են իրենց առարկությունները Սահմանադրության նոր նախագծի վերաբեր յալ, ինչպես նաև քննարկել են նախկինում իրենց կողմից ներկայացված առաջարկները, որոնք մասամբ բավարարվել են: Նախագահի հետ հանդիպումները դրական և արդյունավետ գնահատեցին նաև ԲՀԿ և ՀՔԴՄ ներկայացուցիչները: Նախագահի հետ հանդիպումից հետո սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հստակ դիրքորոշում չներկայացրին միայն ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Մինչ հանդիպումը ՕԵԿ անդամները դեմ էին արտահայտվում Սահմանադրության նախագծին:


Փլուզվեցին ասիական բորսաների ինդեքսները

 

Ասիական բորսաների ինդեքսներն օգոստոսի 24-ին սակարկությունների սկսվելուց հետո անկում արձանագրեցին Չինաստանի տնտեսական իրադրության հետ կապված երկյուղների ֆոնին: Ասիայի խոշորագույն սակարանում՝ Տոկիոյի ֆոնդային բորսայում, երկուշաբթի սակարկություններն ավարտվեցին հիմնական գնանշումների համատարած փլուզմամբ: Սակարկությունների արդյունքում Nikkei ինդեքսը, որն արտացոլում է երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքները, ընկավ ավելի քան 4,6 տոկոսով՝ մինչեւ 18540,68 կետ՝ հասնե լով վերջին հինգ ամսվա նվազագույն ցուցանիշին:

 

Շանհայի բորսայում անկումը, որտեղ Shanghai Composite Index-ը նվազեց 8,49%-ով' մինչև 3209,91 կետ, պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ում հիմնական բորսայական ինդեքները նվազեն Նյու Յորքի բորսայում սակարկությունների սկսվելու հետ մեկտեղ: ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը նվազեց 6,01%-ով' մինչև 15470,34 կետ, սակայն այնուհետև նվազումը դանդաղեց: S&P 500 ինդեքսը, որը ներառում է ամերիկյան շուկայի 500 ամենախոշոր ընկերությունները, նվազեց մոտ 100 կետով կամ 5,02%-ով, իսկ NASDAQ էլեկտրոնային բորսայի ինդեքսը նվազեց 7,7%-ով և հասավ 4343,86 կետ մակարդակի:

 

Apple-ի բաժնետոմսերի գինը, որոնք ուժեղ կախվածության մեջ են չինական շուկայում իրավիճակից, նվազեցին 2,22%-ով' մինչև 103,62 դոլար, Microsoft-ինը' 2,48%-ով' մինչև 41,96 դոլար, General Electric-ինը' 2,32%-ով մինչև 24 դոլար, Google-ինը' 3,09%-ով' մինչև 624,20 դոլար, իսկ Citigroup-ինը' 4,07%-ով' մինչև 51,40 դոլար:

 

Անկման առաջատարը նավթարդյունահանող Cabot Oil & Gas Corp-ն է, որի բաժնետոմսերի գինը նվազեց 6,98%-ով' մինչև 22,71 դոլար, և հանքարդյունահանող Freeport-McMoRan Inc-ը, որրի բաժնետոմսերի գինը նվազեց 6,47%-ով' մինչև 8,96 դոլար: WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը սակարկությունների բացումից հետո նվազեց 2,14 դոլարով' մինչև 38,29 դոլար, իսկ մեկ տրոյական ունցիա ոսկու գինը' 0,38%-ով մինչև 1164,00 դոլար:

 

Ասիական ֆոնդային շուկաների գլխավոր ինդեքսների անկումը շարունակվեց նաև օգոստոսի 25-ին. Ճապոնական Nikkei-ն ընկավ 3,7 տոկոսով, ավստրալական S&P/ASX 200 ինդեքսը նվազեց մեկ տոկոսով՝ չարդարացնելով 3,7 տոկոսանոց անկման վերաբերյալ ֆյուչերսային շուկայի կանխատեսումը: Կորեական Kospi-ն ընկավ 1,1 տոկոսով, նորզելանդական S&P/NZX 50-ը՝ 2,2 տոկոսով:

 

Այս իրավիճակում հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ կենտրոնական բանկը' նշելով, որ Հայաստանի ֆինանսական շուկայում իրավիճակը գնահատվում է նորմալ: ԿԲ-ի հրապարակած փոխարժեքների համաձայն' օգոստոսի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել էր 5.73 դրամով' կազմելով 483.43 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել էր 16.56 դրամով և կազմել 554.83 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել էր 0.19 դրամով և կազմել 6.82 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել էր 9.96 դրամով և կազմել 759.42 դրամ: Իսկ օգոստոսի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.04 դրամով' կազմելով 484.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.10 դրամով և կազմել 558.93 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 6.97 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.33 դրամով և կազմել 765.75 դրամ:

 

Չինաստանի ֆոնդային սակարաններում սակարկությունները փակվեցին գնանշումների անկմամբ, չնայած հանգուցային դրույքաչափը նվազեցնելու Չինաստանի ժողովրդական բանկի որոշմանը: Արդյունքում, շաբաթվա ընթացքում Shanghai Composite ինդեքսը կորցրեց 16 տոկոս, ինչը հանգեցրեց ամբողջ աշխարհում ֆոնդային շուկաների փլուզման, որը խոշորագույնն է վերջին ութ տարում:

 

Չինաստանի ժողովրդական բանկը, փորձելով հանգստացնել շուկաները, որոշեց օգոստոսի 26-ից 0,25 տոկոսով՝ մինչեւ 4,6 տոկոս իջեցնել վերաֆինանսավորման դրույքաչափը՝ վերջին երկու օրվա ընթացքում սակարանային հիմնական ինդեքսների կտրուկ անկումից հետո: Փորձելով կայունացնել իրավիճակը՝ Չինաստանի կենտրոնական բանկն օգոստոսի 25-ի առավոտյան ֆինանսական համակարգ ներարկեց 150 միլիարդ յուան (22,4 մլրդ դոլար):


Անհանգիստ իրավիճակ Թուրքիայում

 

Թուրքիայի Հաքքարիի շրջանում ճանապարհին տեղադրված պայթուցիկի' զինվորական ավտոմեքենայի անցնելու ժամանակ պայթելու հետեւանքով 2 զինվոր զոհվեց, երեքը վիրավորվեց: Ըստ «Անադոլու» լրատվական գործակալության' պայթյունն իրականացրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: Վիրավոր զինվորները տեղափոխվել են Շեմդինլիի պետական հիվանդանոց: PKK-ի ներկայացուցիչներին հայտնաբերելու համար տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել:

 

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի Կարս քաղաքի Սարիղամիշի շրջանում պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: «Պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման արդյունքում: Ուժգին հրդեհի պատճառով միջադեպի վայրին մոտենալ առայժմ չի հաջողվում: Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու համար», -ասել էր Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը: Նրա խոսքով' գազատարով գազի մղումը դադարեցվել է: Միջադեպի վայրում ուժգին հրդեհը նկատելի է անգամ հարեւան Էրզրում նահանգի տարածքից:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին հանձնարարեց նախապատրաստվել արտահերթ ընտրություններին: Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը. դրանք տեղի կունենան առաջիկա նոյեմբերի 1-ին:

 

Էրդողանը մինչեւ արտահերթ ընտրություններ անցկացնելը, ժամանակավոր կառավարություն ձեւավորելու համար որպես վարչապետ լիազորեց Ահմեդ Դավութօղլուին: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն օգոստոսի 27-ին ներկայացրեց ժամանակավոր կառավարության կազմը, որում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն (ԱԶԿ) առաջարկվել է 11 նախարարների պորտֆելներ, Ժողովրդահանրապետական կուսակցությանը (ԺՀԿ)' 5, Ազգայնական շարժում կուսակցությանը (ԱՇԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ) նախարարների 3-ական պորտֆելներ: Ենթադրվում է, որ Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմում, որը պետք է գործի մինչեւ նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քրդական ԺԴԿ-ը կգլխավորի Եվրամիության հարցերով, սպորտի ու երիտասարդության եւ անտառային ու ջրային տնտեսության նախարարությունները:

 

Գերմանական Deutsche Welle թերթը ծավալուն հոդվածով անդրադարձավ Թուրքիայում տիրող իրավիճակին: Ըստ թերթի' Էրդողանը փորձում է ընտրական արշավին ներգարվել նաեւ արտասահմանում, հատկապես' Գերմանիայում բնակվող թուրքերին, որովհետեւ նրանք այստեղ մեծ թվով ձայներ կարող են ապահվել իր համար: Մյուս կողմից, ԺԴԿ-ի համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշի այցը Ստոկհոլմ ցույց է տալիս, որ նա եւս պայքարում է քրդերի ձայների համար: Տպավորություն է ստեղծվում, որ ընտրական արշավը պետք է անցկացվի ոչ միայն Թուրքիայում: Ի վերջո, այդ արտահերթ ընտրությունները կդառնան, հատկապես Էրդողանի համար, քաղաքականապես կենդանի մնալու պայքար», -ամփոփում է գերմանական թերթը:


Սիրիա

 

Վերջին շրջանում համեմատաբար խաղաղ իրավիճակ է հաստատվել Հալեպում: Չնայած դրան, իրավիճակը նախկին նման անորոշ է և անկախատեսելի: Հալեպում, սակայն, ջրի և էլեկտրաէներգիայի 16 օրվա ամբողջական անջատումից հետո աստիճանաբար սկսել է վերականգնվել էլեկտրականությունը, որին հաջորդել է որոշ շրջանների ջրամատակարարումը:

 

Օգոստոսի 24-ի հետմիջօրեին Հալեպը ցնցվեց երկրաշարժի ուժգնությամբ պայթյունից: Պայթյունը որոտացել է Ջամիա Զահրա թաղամասում, որից հետո բախումներ են սկսվել բանակի և զինված խմբավորումների միջև: Ռազմական գործողություններին մասնակցել է նաև սիրիական օդուժը: Բացի դրանից, Հալեպում որոշ թաղամասեր են հրթիռակոծվել, այդ թվում' Մոկամպո թաղամասը, որտեղ զոհեր ու վիրավորներ են գրանցվել: Հրթիռակոծված թաղամասերը հեռու են հայկական թաղամասերից, որտեղ միայն ռմբակոծման ձայներ են լսվել:

 

Սիրիական բանակը Հալեպում մեծ վնասներ պատճառեց «Ջաբհա ան Նուսրա» և «Իսլամական պետություն» խմբավորումներին: Ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ ահաբեկիչներ սպանվեցին, նաև ոչնչացվեցին նրանց զենքերը: Բանակը կանխեց ահաբեկիչների' Զահրա թաղամաս մտնելու փորձը: Բանակի ստորաբաժանումներից մեկը հարվածներ հասցրեց Մանսուրա գյուղում գտնվող ահաբեկչական կազմակերպությունների հավաքատեղիներին, որոնց հետևանքով ահաբեկիչներ սպանվեցին:

 

Հալեպում ստեղծված իրավիճակին անդրադարձավ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: Լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նշեց, որ Հալեպում զինադադար հաստատելու նախաձեռնությունը ձախողվեց ՄԱԿ-ի կողմից աջակցություն չստանալու պատճառով: