Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը հանրապետության բնակչությանը հորդորում է սուր աղիքային վարակներից խուսափելու նպատակով հետևել մի շարք կանոների: Մասնավորապես, պետք է մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող ջրով, սննդամթերքը պահել փակ տարաներում' աղտոտումից խուսափելու համար: Շուտ փչացող սննդամթերքը պետք է պահել սառնարանում, խուսափել այն սննդամթերքով սնվելուց, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում:

 

Նախարարությունը խորհուրդ է տալիս խմելու ջրի համի և գույնի փոփոխության և նստվածք նկատելիս այն օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև այդ մասին և շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ նկատելու դքպում անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին:

 

Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ, խուսափել աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդների հետ շփվելուց: Եթե տանը կա աղիքային վարակիչ հիվանդություններով չհոսպիտալացված հիվանդ, նրա սպասքը և մյուս պարագաները պետք է առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ), խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակարանում բոլոր մակերեսները սրբել ժավելի լուծույթում թրջված լաթով, հիվանդի ներքնահագուստը և անկ ողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ժավելի լուծույթի մեջ: