Շվեյցարիային բնակիչները չեն ցանկանում, որ իրենց երկիրը միանա Եվրամիությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Schweiz am Sonntag թերթում:

 

ԵՄ-ին Շվեյցարիայի միանալուն դեմ է քվեարկել սոցիոլոգիական հետազոտության մասնակիցների 85,8 տոկոսը: Ընդ որում հարցվածների ավելի քան մեկ երրորդը վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը շուտով կտրոհվի: Ինչպես այդ կապակցությամբ նշում է Շվեյցարիայի հեռագրական գործակալությունը, հարցման մասնակիցների մոտ «եվրոպական հարեւանի բացասական իմիջ» է ստեղծվել:

 

Ինչ վերաբերում է Եվրոպա միգրանտների հոսքին, ապա հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը (81,3 տոկոսը) հանդես է եկել հօգուտ այն բանի, որ Շվեյցարիայի կողմից օգնությունը ցուցաբերվի «տեղերում»: Ընդսմին գրեթե երկու երրորդը (60,9 տոկոսը) այն կարծիքին է, որ Շվեյցարիայի Համադաշնությունը այդ առումով պետք է առաջատար դեր խաղա: 39,6 տոկոսը կարծում է, որ ալպիական հանրապետությունը պետք է ընդունի միայն որակյալ աշխատողների, իսկ 44,6 տոկոսը վստահ է, որ երկրի սահմաններն ընդհանրապես պետք է ժամանակավորապես փակել: Հարցվածների միայն քառորդ մասից փոքր-ինչ ավելին (25,6 տոկոսը) է պատրաստ տարեկան Շվեյցարիայում ընդունել 40-հազարական միգրանտների:

 

Սոցիոլոգիական հետազոտությանը, որն անցկացվել է հունիսին, մասնակցել է 1002 մարդ, ինչպես շվեյցարացիներ, այնպես էլ Շվեյցարիայում ապրող օտարերկրացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: