Տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ի աշխատակիցներ Սարիբեկ Մկրտչյանի և Անանիա Մարգարյանը դիմել են Օմբուդսմենին՝ նշելով, որ իրենց պակաս վճարված աշխատավարձի և հավելավճարների գումարների վճարման կապակցությամբ դեռևս ապրիլին դիմել էին նախարարություն, սակայն մինչ օրս այնտեղից որևէ պատասխան չեն ստացել: Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ն ախարարությունից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ դիմումատուների խնդիրները քաղաքացիաիրավական բնույթ ունեն և չեն առնչվում նախարարության գործառույթներին: Տեղեկացրել են նաև, որ «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությունից քաղաքացիներին պարզաբանումներ են տրամադրվել, սակայն միայն հունիսին:

 

 

Արդյունքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն, վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում անձի դիմումը, բողոքը: Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է, որից բխում է, որ ներկայացված դիմումին անհրաժեշտ է պատասխանել 30-օրյա ժամկետում: Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի, վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից: Իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

 

 

Այսպիսով, Ս. Մկրտչյանին և Ա. Մարգարյանին իրենց դիմումի կապակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարությունից օրենքով սահմանված ժամկետում չի տրվել պատշաճ պատասխան, մասնավորապես, քաղաքացիների 2015 թվականի ապրիլի դիմումին պատասխանվել է նույն թվականի հունիսին, այն էլ ոչ թե դիմումը հասցեագրված մարմին կողմից, այլ «Հատուկ կապ» ՓԲԸ-ի կողմից: Արդյունքում խախտվել է վերջիններիս՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները, ինչի կապակցությամբ էլ Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:

 

 

Օմբուդսմենը Նախարարությանն առաջարկում է ապահովել քաղաքացիների դիմումի պատշաճ ընթացքը և ձեռնարկել արդյունավետ ու բավարար միջոցներ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ: