ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եռանդուն կերպով զբաղվելիս է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպով, սակայն տուժողի խնդրանքով գործը փակվել է: «Այս պարագայում մենք ստիպված ենք կանգ առնել: Ինչ-որ մի պահ մեր հասարակությունը խնդիրներն իրավական դաշտում լուծելու ճանապարհով էր գնում, շատ ցավալի կլինի, եթե հետ գնանք փողոցում կամ բռունցքներով ու ոտքերով խնդիրները լուծելու համակարգին: Հուսամ, որ սա եզակի ու բացառիկ դեպք է, որը չի կրկնվի, չնայած վերջին շրջանում նման դեպքերը շատացել են»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեասյանը:

 

 

Հարցին' հաշտության պայմաններն արդյոք կասկած չեն հարուցում, Անդրեասյանը նշեց, որ ստիպված են ընդունել, որ Հայաստանում շատ են թաքնված հանցագործությունները, որովհետեւ շատերն իրենք չեն ձգտում պաշտպանել իրենց իրավունքները:

 

 

Անդրադառնալով Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքին' Օմբուդսմենը նշեց, որ այդ գործով ՄԻՊ գրասնեյակը վարույթը շարունակում է: «Սպասում ենք նախաքննության վերջնական արդյունքներին, որից հետո կտանք վերջնական գնահատական»,- ասաց Անդրեասյանը:

 

 

Արսեն Ավետիսյանը կինը հայտարարություն էր տարածել, ըստ որի' Ռուբեն Հայրապետյանը և իր թիկնապահները ծեծի են ենթարկել իր ամուսնուն: Ավետիսյանը տեղափոխվել էր հիվանդանոց' քթի ջարդվածքով: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Օգոստոսի 20-ին «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանը բաց նամակ է հղել, որում նշել է, որ ընդունում է իրեն մեկնած հաշտության ձեռքը և հաշտ ու առողջ միջավայրում աշխատելու տարբերակը: Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Ռուբեն հայրապետյանի դեմ քրեական գործշի հարուցումը: