ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է առերևույթ հանցագործություն կատարած անձը:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2015թ. օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 15-րդ բնակարանում հայտանբերվել է 54-ամյա Վ.Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

 

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

 

Ձեռնարկված քննչական օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ռ.Մկրտումյանը, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: