Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է հայտնի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովայի դեմ հարուցված գործով կայացված վճիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Իսմայիլովան դատապարտվել է 7 տարի և 6 ամիս ազատազրկման՝ զրկվելով 3 տարի ղեկավար պաշտոն վարելու իրավունքից:

 

Դատարանն Իսմայիլովային անմեղ է ճանաչել 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդում)՝ նշելով, որ այս առումով չկան բավարար ապացույցներ:

 

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին՝ նախկին գործընկերոջն ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սկզբում «ինքնասպանության հասցնելու» մեղադրանք, իսկ հետո «խոշոր չափերի յուրացում և զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներ էին առաջադրվել: Դատախազը նրա համար պահանջել էր 9 տարի ժամկետով ազատազրկում:

 

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին օղակներում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:

 

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հուլիսի 30-ին հայտնել էր, որ Խադիջա Իսմայիլովան արժանացել են ԱՄՆ Ազգային մամուլի ակումբի Մամուլի ազատության պարգևին:

 

Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը ապրիլի 16-ին հայտնել էր, որ Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային «PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն» պարգևին, որը նրա ներկայացուցչին հանձնվել է այս տարվա մայիսի 5-ին Նյու Յորքում' Ամերիկայի բնության պատմության թանգարանում: