Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին Բաղրամյան պողոտայում ցուցարարներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս տեղեկացրեց, որ բերման ենթարկված անչափահաս ակտիվիստին ոստիկաները կփոխանցեն ծնողներին:

Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորեց փողոցը փակելու փորձեր չանել՝ ընդգծելով, որ նրանց հավաքն անօրինական է: Օսիպյանն ասաց, որ ցուցարարները կարող են մնալ Բաղրամյան պողոտայում, սակայն փողոցը փակելու որևէ փորձ ոստիկանությունը չի հանդուրժելու:

Ավելի վաղ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել էր, որ եթե որևէ մեկը կրկին փորձի փողոցը փակել, բերման կենթարկվի ոստիկանության կողմից: Նա նշել էր, որ քաղաքացիները բերման են ենթարկվել այն պատճառով, որ քարեր են նետել ոստիկանների վրա, փորձել են փողոց փակել, հայհոյել ոստիկաններին: