Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ» օպերայի բեմադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հանրաճանաչ աստղերի մասնակցությամբ օպերային բեմադրությունները Արցախում դարձել են բարի ավանդույթ և արդեն իսկ վկայում են, որ Արցախը դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը:

 

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից: