Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը գոհ է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի աշխատանքից: Այս մասին ասել է ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:

«Ցանկանում եմ, որ Տուխելը երկար մնա «Բորուսիայում»: Նա մեծ ներուժ ունի, աշխատում է այնպես, ինչպես մենք էինք ակնկալում: Տուխելը հիանալի է»,- ասել է Վատցկեն:

Իսկ այն հարցին, թե արդյոք Տուխելը կկարողանա՞ թիմում նույնքան ժամանակ անցկացնել և նույն հաջողություններին հասնել, որին հասել էր Կլոպը, գործադիր տնօրենը նշել է.

«Միշտ դժվար է ինչ-որ մեկի հետևից ինչ-որ բան կրկնելը: Երբ մարզիչը 4-5 տարի մեծ հաջողությունների է հասնում, իսկ հետո մի քանի շաբաթ նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում, շատերը սկսում են կասկածի տակ առնել նրա կոմպետենտությունը: Մենք այնքան մեծամիտ չենք, որ հիմա խոսենք այն մասին, որ Տուխելը կկրկնի Կլոպի ճանապարհը: Ինքս դա շատ կցանկանայի: Ես նրան հավատում եմ: Թոմաս Տուխելը ժամանակավոր աշխատող չէ: Նա մասնագետ է, ով մի թիմում կարող է երկար տարիներ աշխատել»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:

Հիշեցնենք, որ Տուխելը դորտմունդյան թիմը գլխավորեց նախորդ մրցաշրջանի ավարտից հետո: Նրա գլխավորությամբ թիմը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի երեք տուրերից հետո իր ակտիվում ունի 9 միավոր: