ՀՀ Սահմանադրության նախագծի հիմքում դրված է երկրում կայուն ժողովրդավարության հաստատումը և իրավական անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը: Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթացքում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: «Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունը իշխանակենտրոն էր: Այս Սահմանադրութան առանցքում ոչ թե մարդն էր, այլ երկրի նախագահն իր գերակա դիրքով իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ: 2005թ. փոփոխությունները թեև շատ կարևոր էին, սակայն կրկին չկարողացան լուծել Սահմանադրությունը մարդակենտրոն դարձնելու հարցը: Ցավոք, մենք այս պահին չենք կարող ամրագրել, որ հասել ենք մի հանգրվանի, որ ժողովրդավարությունը կայուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները պաշտպանված են ամբողջությամբ, ապահովվել է կառավարման արդյունավետ համակարգ, իսկ դատարաններն անաչառ են: Ուստի հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված նախագծի հիմքում ընկած է կայուն ժողովրդավարության հաստատումը և իրավունքի գերակայության ապահովումը»,- նշեց Պողոսյանը:

 

Վարդան Պողոսյանն ընդգծեց, որ Սահմանադրության նախագիծը մշակելու ընթացքում մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրել է համաշխարհային փորձը, սերտ համագործակցություն է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հետ:

 

Նա նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովն արդեն երկու անգամ հայտնել է իր տեսակետը Սահմանադրության նախագծի վերաբերյալ՝ բարձր գնահատելով Հայաստանում քաղաքական և իրավական այն մշակույթը, որը ձևավորել է Վենետիկի համաժողովի հետ նախորդ տարիների համագործակցության արդյունքում։