Քաղաքապետը վտարում է նոտարներին. հրահանգը «վերևից» է

Երևանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտարներ Ալվարդ Մելքոնյանը, Էմմա Շաբոյանը և Նունե Սարգսյանն ազատեն իրենց կողմից զբաղեցրած Բաղրամյան 1-ին փակուղի 14շ., բն. 162 հասցեի տարածքը: Հայցադիմումն ընդունվել է անցյալ տարվա հուլիսի 20-ին, իսկ գործը գտնվում է դատավոր Գայանե Կարախանյանի մոտ:

Նոտարներն այս տարածքում գործունեություն են իրականացնում մոտ 40 տարի. այն համարվում է հանրապետության ամենահին նոտարական գրասենյակը: «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն, արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված նոտարներն իրավունք ունեն իրենց նոտարական գործունեությունն իրականացնել նախկին նոտարական գրասենյակների տարածքներում, որոնք նրանց են հատկացվում անհատույց օգտագործման համար:

Օրենքի ընդունումից հետո այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բոլոր նոտարներին հանձնարարում է անհատույց օգտագործման պայմանագրեր կնքել իրենց տարածքների սեփականատերերի հետ: Բաղրամյան փողոցի գրասենյակի նոտարները, սակայն, խնդիրներ են ունեցել, քանի որ տարածքը եղել է պետական սեփականություն, որի սեփականատերը հետագայում դարձել է Երևանի քաղաքապետարանը:

Տարիների ընթացքում գրասենյակի նոտարները պարբերաբար դիմել են քաղաքային իշխանություններին՝ պահանջելով անհատույց օգտագործման պայմանագիր կնքել իրենց հետ: Նոտարները նույնիսկ ցանկացել են գնել կամ վարձակալել այդ տարածքը, սակայն քաղաքապետարանը համառորեն մերժել է նրանց:

2012թ. ընթացքում քաղաքապետարանը մի քանի անգամ դիմել է նոտարներ Ա. Մելքոնյանին, Է. Շաբոյանին և Ն. Սարգսյանին՝ տարածքն անհապաղ ազատելու պահանջով: Իսկ նոտարներն էլ ավելի համառ են գտնվել ու պահանջել են իրենց վաճառել կամ վարձակալության տալ տվյալ տարածքը: Արդյունքում, քաղաքապետարանը դիմել է դատարան, իսկ նոտարները հակընդդեմ հայց են ներկայացրել՝ խնդրելով, որ քաղաքապետարանն իրենց հետ անհատույց օգտագործման պայմանագիր կնքի, ինչպես նշվում է օրենքում:

Հետաքրքիրն այն է, որ 168.am-ի հետ հակիրճ ու իրենց համար անցանկալի զրույցում, վերոնշյալ երեք նոտարները, ավանդույթի համաձայն, ոչինչ չասացին այս պատմության մասին: «Ես մեկնաբանություններ չեմ տալիս»,- պատասխանեց Ա. Մելքոնյանը: «Ոչինչ ասել չէր կարող» նաև Ն. Սարգսյանը, իսկ Է. Շաբոյանը, պարզվում է, ոչինչ չգիտեր:

Ոչ պակաս հետաքրքիր է քաղաքապետարանի մոտիվացիան: Իրականում նոտարական գրասենյակն այս տարածքի համար «ամենաչալաղաջ» գործն է: Խիստ մոտավոր հաշվարկներով, այս նոտարները միասին ամսական մոտ 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք պետական տուրք են վճարում համայնքային բյուջե: Տնտեսապես ոչ մի ուրիշ գործունեություն այս տարածքից այդքան մեծ եկամուտներ չէր ապահովի Երևանի քաղաքապետարանին: Սակայն, 168.am-ի տեղեկություններով, այս տարածքը պետք է ոչ թե քաղաքապետարանին, այլ՝ ավելի բարձր ատյաններին: Մարշալ Բաղրամյան պողոտա, 1-ին փակուղի 14շ., 162 հասցեով տարածքն անհապաղ նոտարներից ազատելու հրահանգը քաղաքապետարանը ստացել է «վերևից»: Ավելին, դատավորը նույնպես փորձել է հաշտեցնել կողմերին՝ առաջարկելով գրասենյակը վաճառել երեք նոտարներին, սակայն դատավորին նույնպես միջամտություն է եղել՝ նման որոշում չկայացնել: Իսկ թե ինչո՞ւ՝ դժվար չէ կռահել: Նոտարները կվտարվեն, քաղաքապետարանն արագ աճուրդ կհայտարարի, տարածքը կվաճառեն այլ անձանց, ովքեր կրկին կզբաղվեն նոտարական գործունեությամբ: Իսկ «էլիտար» նոտարների պակաս Երևան քաղաքում չի զգացվում. Սարգսյան Տաթևիկ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր դուստրը, Արսենյան Քրիստինե՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ սեփականատեր Աշոտ Արսենյանի դուստրը, և այլք:

Ամենազավեշտալին այն է, որ այս քաշքշուկին լուռ, առանց միջամտության հետևում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով տրամաբանորեն պետք է պաշտպաներ իր համակարգի աշխատողների շահերը: Նա էլ իր կողմից է փորձում ազատվել վերոնշյալ նոտարներից: Ալվարդ Մելքոնյանին աշխատանքից ազատելու պահանջով նա արդեն դիմել է դատարան՝ կասեցնելով նոտարի գործունեությունը: Իսկ Էմմա Շաբոյանի նոտարական գործունեությունն այս պահին գտնվում է Արդարադատության նախարարության խիստ վերահսկողության ներքո: