Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում սանձազերծած սադրիչ գործողություններում անհաջողության մատնված Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, չքողարկելով երկրի իշխանությունների ագրեսիվ ռազմաքաղաքական բնույթը, հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարությամբ և սպառնացել կիրառել իր սպառազինության տակ գտնվող «զենքի բոլոր տեսակները եւ վերացնել թշնամուն»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իշխանամետ virtualaz.org լրատվական կայքը հրապարակել է իր ապաշնորհության պատճառով անհաջողություններից ցնցված Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, որում ասվում է, որ «Ադրբեջանի զինված ուժերը բոլոր տեսակի զենքերի կիրառումով կվերացնեն թշնամուն»:

 

Հայկական զինուժերի' ադրբեջանական սադրանքներին տրվող պատասխան հաջող գործողություններից շփոթված Ադրբեջանի ՊՆ-ն ներքին սպառման հերթական հերյուրանքն է տարածել' իր ժողովրդին փորձելով համոզել, թե Հայաստանի ղեկավարությունը, իբր, «վախենալով ավելի ծանր հարվածներից, զինավարժանքների պատրվակով սկսել է սահմանամերձ գյուղերից տարհանել բնակիչներին»:

 

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ երբ Ադրբեջանն առաջին գծում չի կարողանում համարժեք պատասխան տալ, կրակում է անպաշտպան ժողովրդի վրա:

 

«Այսօր էլ սահմանին իրավիճակը լարված է, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ նախորդ տարվա օգոստոսի նման իրավիճակ չլինի: Ինչ վերաբերվում է խաղաղ բնակիչներին, ապա եթե 23 տարի հետ գնանք եւ վերհիշենք անցած պատերազմը, կտեսնենք, որ հակառակորդի մոտ սովորական բան է դա եւ զարմանք չպետք է պատճառի: Երբ հակառակորդը չի կարողանում առաջին գծում զինվորներին համարժեք պատասխան տալ, իր զայրույթը կամ մուռը հանի զինվորներից, սկսում է իր զենքը կիրառել անպաշտպան բնակչության հանդեպ»,- ասել է Մովսես Հակոբյանը' նշելով, որ թեեւ հայկական կողմը ադրբեջանական խա ղաղ բնակիչների ուղղությամբ կրակելու մեծ հնարավորություն ունի, սակայն, հայկական զինված ուժերը դրա համար չեն ստեղծված: