Իհարկե, եթե լիներ երեք կամ չորս Հենրիխ Մխիթարյան, մենք կփորձեինք առջևում օգտագործել: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը:

 

Մխիթարյանը խաղում էր հենակետայինի դիրքում, արդյո՞ք ավելի օգտակար չէր լինի, եթե նա ավելի առաջ քաշված խաղար հարցին ի պատասխան, Հովսեփյանը ասաց.

«Կարծում եմ՝ մեր հավաքականին Հենրիխը հենց այդտեղ է օգուտ տալիս. գնդակ խլել և կարողանալ սուր հակագրոհներ ստեղծել: Իր արագությամբ, իր դրիբլինգով, իր փոխանցումներով նա շատ-շատ օգնում է մեր ազգային հավաքականին: Իհարկե, եթե լիներ երեք կամ չորս Հենրիխ Մխիթարյան, մենք կփորձեինք առջևում խաղացնել, սակայն, ցավոք, Հենրիխը մի հոգի է, և գտնում եմ, որ նա կարող է օգուտ տալ հենց այդ դիրքում: Մխիթարյանը շատ լավ է խաղում: Այն սուր պահերին, որոնք ստեղծում է հավաքականը, գրեթե մեծամասնությամբ մասնակցում է Մխիթարյանը, նաև օգնում է պաշտպանությանը: Հասկանում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե Հենրիխն ավելի առաջ խաղար, ավելի սուր պահեր կունենայինք: Կենտրոնական հենակետայինի դիրքն ամենավտանգավոր դիրքն է, որը, եթե խաղադաշտում զիջեցիր հակառակորդին և հակառակորդը եթե վերցրեց դաշտի կենտրոնը, ամբողջությամբ կտիրի խաղին: Ֆուտբոլիստ էր պետք, որ գնդակները արագ և որակով հասցներ մեր հարձակվողներին, ինչը Հենրիխը գերազանց կատարեց»: