Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Խորհրդի նիստին ներկա են եղել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, արդարադատության նախարար Քենան Իփեքը, ներքին գործերի նախարար Սելամի Ալթընօքը, ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Նիստի մասինակիցները քննարկել են Դաղլըջայում Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրքական կողմի միջև տեղի ունեցող գործողությունները և դրա վերաբերյալ ձեռնարկվելիք միջոցառումները: Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ:

 

Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում PKK-ի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 16 թուրք զինվոր, ևս 6-ը վիրավոր են: Այս տարածքում թուրքական զինուժը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել, որոնց մասնակցում են նաև ռազմական ինքնաթիռներ: Հաղորդվում է, որ թուրքական զինուժը հարվածներ է հասցրել PKK-ի 23 թիրախի: