Ֆրանսիական France 2 հեռուստաալիքի լրագրող Էլիս Լյուշեն սուր հարցադրումներ է արել Փարիզում Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի ղեկավարությամբ կազմակերպված «Ադրբեջանի ավան» ցուցահանդեսի ժամանակ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սպասելով ցուցահանդեսից Մեհրիբան Ալիեւայի դուրս գալուն, նա պարզել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Լեյլա Յունուսի լուսանկարը եւ բարձր ձայնով հարցրել. «Դուք ութ տարով բանտ եք նստացրել Լեյլա Յունուսին, դուք ազատազրկման եք դատապարտել Խադիջա Իսմայիլովային, որտե՞ղ է ձեր հանդուրժողականությունը: Պատասխանեք, որտե՞ղ է ձեր հանդուրժողականությունը»:

 

Մեծաթիվ պահակախումբն անզոր է եղել լրագրողների առաջ, իսկ Մեհրիբան Ալիեւան, ում ուղղված էր հարցը, արագորեն եւ լռելյայն հեռացել է իրադարձության վայրից:

 

ՄԱԿ-ի մարդու իրավուքններով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը երեքշաբթի դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումները եւ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալներին:

 

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով' ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 20-ը ճանաչվել են «խղճի դատապարտյալներ»:

 

Փարիզում սեպտեմբերի 3-ին Pale Royal հրապարակում Հեյդար Ալիեւի հիմնադրամի (ղեկավար' Մեհրիբան Ալիեւա) բացած «Ադրբեջանական ավանում» ադրբեջանցի էմիգրանտները կիրակի բողոքի ակցիա են անցկացրել: Ակտիվիստների խումբը «Ադրբեջանական ավանի» վահանակների վրա փակցրել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լուսանկարները' փարիզեցիներին տեղեկացնելով այդ խնդրի մասին: Մասնավորապես, վահանակների վրա փակցվել են լրագրողներ Խադիջա Իսմաիլովայի, Սեյմուր Հազիի, իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիեւի, Ռասուլ Ջաֆարովի, Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Անար Մամեդլի եւ շատ ուրիշների լուսանկարները: Ըստ էության, Հեյդար Ալիեւի հիմնադրամի ցուցահանդեսը օգնել է ֆրանսիացիներին տեղեկացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին: