Մահապարտ ազատամարտիկները վստահեցնում են, որ հայկական բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած ոտնձգության հայրենիքի սահմանների նկատմամբ: Միևնույն ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին սահմանին տիրող լարված իրավիճակին, ազատամարտիկները նշում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը սահմանին լարվածություն ստեղծելու եղանակով փորձում է իր ժողովրդին ցույց տալ, որ իրենք պատրաստ են պատերազմի՝ չնայած իրականությունը լրիվ այլ է: Օգոստ ոսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը մահապարտ ազատամարտիկների ջոկատի անդամները վստահեցրին, որ իրենք ցանկացած պահի պատրաստ են մեկնել առաջին գիծ և կանգնել հայրենիքի սահմանները քաջաբար պաշտպանող հայ զինվորների կողքին:

 

«Մենք միշտ պատրաստ ենք բարձրանալ դիրքեր և լինել մեր զինվորների կողքին: Այս պահին նման անհրաժեշտություն չկա, քանի որ սահմանին իրավիճակը հանգիստ է: Սակայն ցանկացած լարվածության դեպքում մենք կլինենք մեր զինվորի կողքին: Պատրաստ ենք մեր 18-ամյա զինծառայողներին ավելի քիչ գործ թողնել և թույլ չտալ հակառակորդին թեկուզ մեկ քայլ առաջ գալ: Բայց պետք է նաև նշեմ, որ առաջնագծում կանգնած մեր զինծառայողները շատ պատրաստված տղաներ են: Եղել են դեպքեր, երբ մենք առաջնագիծ ենք բարձրացել և հասկացել ենք, որ ավելորդ ենք այդտեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, մահապարտ ազատամարտիկների ջոկատի անդամ Ալբերտ Պողոսյանը:

 

Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին մեծ տրամաչափի զենքեր է կիրառել՝ հիմնականում թուրքական արտադրության 120 միլիմետրանոց ականանետեր, սակայն ստացել է արժանի պատասխան հայկական զինուժի կողմից, ինչի արդյունքում նրանց ակտիվությունը մարել է: Ալբերտ Պողոսյանը ադրբեջանական կողմի ակտիվությունունից պատերազմի վտանգ չի տեսնում՝ նկատելով, որ նրանք պատերազմի պատրաստ չեն, իսկ լարվածությունը սահմանին ստեղծում են ներքին խնդիրների կարգավորման համար, քանի որ ալիևյան կլանը լիովին կորցրել է ժողովրդի վստահությունը:

 

Մահապարտների ջոկատի երկրորդ դասակի հրամանատարի տեղակալ Մարտին Մարտիրոսյանը ևս համակարծիք է այն մտքի հետ, որ Ադրբեջանն այս պահին պատերազմի պատրաստ չէ: «Պատերազմի տարիներին նրանք գալիս էին գայլերի ոհմակի նման, սակայն, տեսնելով հակառակորդի ուժը, շնագայլերի նման փախչում էին: Հիմա էլ նրանց մոտ ոչինչ չի փոխվել: Նրանք պատրաստ չեն պատերազմի, քանի որ դեռ վախեցած են, չունեն մարտավարություն, իսկ նրանց ամպագորգոռ հայտարարությունները միայն արտահայտում են նրանց վախը: Ադրբեջանցիները միշտ սովոր են շնագայլերի նման կծել և փախչել, նրանք չունեն այն հավատը, որ կարող են պատերազմում հաղթել: Եթե նրանք վստահ լինեն, որ կարող են հաղթել, հաջորդ վայրկյանին կխփեն: Սակայն այդ դեպքում էլ մեր տղաները քաջ են, և ես վստահ եմ, որ կկասեցնեն թշնամու ցանկացած ոտնձգություն հայրենիքի սահմանների նկատմամբ»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

 

Մահապարտների ջոկատի առաջին դասակի հրամանատար Գագիկ Մինասյանն էլ նկատեց, որ արցախյան ազատամարտի տարիներին իրենք ավելի շատ զինված էին հայրենասիրական ոգով և անգամ որսորդական հրացանն իրենց համար շատ մեծ նշնակություն ուներ: «Այսօրվա դրությամբ մեր զինվորները շատ լավ զինված են և հայրենասիրական ոգով, և զենքով»,- եզրափակեց Մինասյանը: