Օրերս Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվեց մարզի առաջին «Յուքոմ» սպասարկման սրահը: Ինչպես նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը իր բացման խոսքում «Համոզված եմ, որ այս գրասենյակի բացումը առաջին քայլն է դեպի նոր և կայուն համագործակցության սկիզբ այս մարզում: Մենք շատ ենք կարևորում մարզային համայնքներում ընկերության ներկայությունը ոչ միայն ենթակառուցվածքների ստեղծման և համայնքի զարգացման առումով, այլ նաև սոցիալական ծրագրերի իրականացման նպատակներով»:

 

Կապանի սպասարկման կենտրոնի բացմանը ներկա էին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանը, տեղական զբաղվածության կենտրոնի ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև «Յուքոմ» ընկերության այլ աշխատակիցներ և այլ հյուրեր:

 

Համայնքի ղեկավարը կարևորեց աշխատատեղերի ստեղծումը և նոր օպերատորի հայտնվելը Կապանում: «Տեսնում եմ, որ ստեղծված աշխատատեղերը համալրել են մեր երիտասարդ համաքաղաքացիները. բոլորին ճանաչում եմ: Պատրաստված և կիրթ երիտասարդներ են, ու կարծում եմ՝ այս մասնաճյուղը չի զիջի մայրաքաղաքի գրասենյակներին», նշեց քաղաքապետը:

 

Սակայն այսքանով չավատրվեց «Յուքոմ» ընկերության ղեկավարության և աշխատակիցների այցը Կապան: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ «Յուքոմ» ընկերությունը նվերներ էր պատրաստել Կապան քաղաքի բոլոր առաջին դասարանցիների համար: Կապանի 480 առաջին դասարանցիներ «Յուքոմ» ընկերության կողմից ստացան անհրաժեշտ գրենական պիտույքներով համալրված փաթեթներ: Առաջինն իրենց նվերները ստացան Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաները:

 

Կապանում բացվող սպասարկման սրահը թվով 19-րդն է «Յուքոմի» ցանցում: Նշենք, որ Սյունիքի մարզում «Յուքոմ» ընկերության ծառայությունները հասանելի են ոչ միայն Կապանում, այլև Ագարակ քաղաքում: Բացի այդ, «Յուքոմ» ընկերությունն ընդլայնելու է իր գործունեությունը ինչպես Սյունիքի, այնպես էլ Հայաստանի այլ մարզերում՝ ներգրավելով ավելի շատ քաղաքներ, ստեղծելով նոր աշխատատեղեր և տեղի երիտասարդներին հնարավորություն ընձեռելով ընգրկվել «Յուքոմ» ընկերության աշխատակազմում և ունենալ կայուն աշխատանք: