Ադրբեջանի այսպես կոչված Ղարաբաղի ազատագրության կազմակերպության (ՂԱԿ) մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար երեկ Բաքու ժամանած Հայաստանի պատվիրակության դեմ, որի կազմում է նաեւ աշխարհառչակ հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով modern.az լրատվական կայքը, տխրահռչակ ՂԱԿ ղեկավար Աքիֆ Նաղիի գլխավորությամբ նրանք հավաքվել են «Ազնեֆտ» հրապարակում Մուղամի կենտրոնի շենքի մոտ, որտեղ պետք է անցկացվեր շախմատի աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը: Շենքի մոտ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ դիմակայություն է եղել: ՂԱԿ անդամները բարձրաձայնել են «Հայե’ր, հեռացե’ք», «Դուք մարզիկներ չեք, ահաբեկիչներ եք» եւ այլ անհեթեթություն ներ, հակահայկական պաստառներ պարզել: Նրանք փորձել են մտնել արարողության անցկացման շենք, սակայն, հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: ՂԱԿ-ի անդամները ցուցադրաբար պատռել են Հայաստանի դրոշը եւ ոտքերով տրորել այն:

ՂԱԿ-ը հայտնել է, որ ոստիկանությունը Աքիֆ Նաղիի հետ միասին կազմակերպության 8 անդամների բերման է ենթարկել Սաբաիլի շրջանի ոստիկանական բաժանմունք: Նրանք հայտարարել են, որ մինչեւ հայ շախմատիստների Ադրբեջանից հեռանալը «տարբեր ձեւերով» շարունակելու են իրենց բողոքները:

ՂԱԿ-ի հակահայ ելույթները ոգեւորել է այն, որ Շախմատի աշխարհի գավաթի առաջնությանը Հայաստանի թիմի մասնակցության հետ կապված նախօրեին ռասիստական հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը: Չթաքցնելով ատելությունը հայերի հանդեպ, որը պաշտոնական Բաքուն ամեն առիթով արտահայտում է Ադրբեջանի նախագահի մակարդակով, ադրբեջանցի նախարարն հայտարարել է, թե իրենք «մեծ զիջում են արել», որ համաշխարհային մակարդակի հայ շախմատիստ Լեւոն Արոնյանին թողել են «մուտք գործել Բաքու», քանի որ, նա, նախարարի խոսքով' «առանց Ադրբեջանի թույլտվության այցելել է Ղարաբաղ»:

«Այն, որ Լեւոն Արոնյանին թույլ ենք տվել գալ Բաքու, դա մեծ զիջում է հանուն սպորտի, համերաշխության եւ խաղաղության»,- հայտարարել է Ադրբեջանի սպորտի նախարարը: