«Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա կատարած Հայկ Կյուրեղյանն այսօր իր պաշտպանական ճառում հայտարարել է՝ «ես 14 տարի չեմ նստելու, որովհետև կարող է ռեժիմը 14 օր էլ չդիմանա»: Մեղադրող Հարություն Սարգսյանն ավելի վաղ միջնորդել էր Հ.Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման:

 

Հայտարարելով, որ ինքը դիմում է ոչ թե դատարանին, այլ հանրությանը, քանի որ գործը որոշակի հանրային հետաքրքրություն ու հնչեղություն ունի, ամբաստանյալը ներկայացրեց, թե ինչո՞ւ է ինքը դիմել բողոքի ակցիայի:

 

Հայկ Կյուրեղյանը նշեց, որ ինքը ապաքաղաքական ու ապակուսակցական անձնավորություն է եղել, սակայն որոշակի հանգամանքների բերումով դարձել է «քաղբանտարկյալ ու ռեժիմի ոխերիմ թշնամի»: Ըստ նրա, որևէ սոցիալ-տնտեսական պատճառ իրեն չէր դրդի նման քայլի դիմել, դրա համար պետք է լիներ ավելի ծանրակշիռ պատճառ, երբ մարդը «նահանջելու, զիջելու տեղ այլևս չունի, ստիպված է գնալ կռվի»: Այդ պատճառը, ըստ Հ.Կյուրեղյանի, ամենաթողությունն է՝ օլիգարխը մարդ է գողանում, ծեծում, ոստիկանները մահակներով ցույց են ցրում, ու ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս:

 

Հ.Կյուրեղյանը հայտարարեց, որ ինքը որպես քաղաքացի թույլ չի տալու, որ որևիցե մեկը մարդ գողանա, ծեծի, ժողովրդի, քաղաքացու վրա ձեռք բարձրացնի: Նա ընդգծեց, որ երբ որ մարդը նման երևույթների անթույլատրելիության հարցում սոլիդարություն չի դրսևորում, դադարում է մարդ լինելուց, դառնում է մորթապաշտ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում