Շախմատի Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանը Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլի երկրորդ պարտիայում կրկին առավելության հասավ Լյուքսեմբուրգը ներկայացնող Միքայել Վիդենկելլերնի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ:

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ և լրացուցիչ պարտիա կանցկացնի:

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի մյուս շախմատիստը՝ Վարուժան Հակոբյանը, առաջին մրցափուլի առաջին պարտիայում Վիկտոր Լազնիչկայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո, երկրորդը պարտվեց:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մրցափուլի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: