Շիրակում ավարտին է մոտենում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Դեռ անավարտ են մոտ 400 հա տարածքում աշխատանքները լեռնային գոտիներում: Թեեւ արդյունքների մասին հստակ կարելի է խոսել միայն բերքահավաքից հետո, սակայն արդեն Շիրակի մարզպետարանի գյուղատնտսեության վարչության համար նախնական պատկերը հստակ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՇՄ աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը նախնական հաշվարկով' մարզն այս տարի կարտադրի մոտ 140 հազար տոննա հացահատիկ: «Նախորդ տարվա համեմատ գրեթե նույն բերքն է, բայց եթե հաշվի առնենք, որ անցած տարի շատ համայնքներ կարկտահարվեցին, ապա այս տարվա բերքը նախորդ տարվա համեմատ ցածր է ստացվում: Անցած տարի միայն 11 հազար տոննա կարկտահարված հացահատիկ ունեցանք, բնականաբար, այս տարվա բերքը՝ համեմատական կարգով, ցածր է արձանագրվել»,- նշեց Մովսես Մանուկյանը՝ փաստելով, որ նմանատիպ արդյունքի պատճառը տեղումների պակասն էր:

 

«Մայիս-հունիս ամիսներին ընդհանրապես տեղումներ չենք ունեցել, իսկ հացահատիկի հիմնական դաշտերն անջրդի տարածքների վրա են: Մարզում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների միայն մեկ հինգերորդն է ջրարբի, մնացածն անջրդի է և բերքի նվազումը միայն կապված է բնակլիմայական պայմանների հետ. կարկուտն այս տարի քիչ վնաս տվեց, հիմնականում տուժեցինք երաշտից: Հացահատիկի համար սա համարվում է միջին տարի»,- ավելացրեց պատասխանատուն:

 

Այս տարվա տեղումների բացակայությունն ազդել է նաև կարտոֆիլի վրա: Նույնիսկ ոռոգման կազմակերպումը չի կարողացել լուծել խնդիրը: «Կարտոֆիլի պարագայում լրացուցիչ ոռոգումը կարող է որակի վրա ազդել՝ առաջացնելով սնկային փտախտ, որն էլ հետագայում ազդում է նաև ընդհանուր բերքի ծավալի վրա: Այս տարի կարտոֆիլի միջին բերքը սպասվածից քիչ է լինելու՝ նախորդ տարվա համեմատ մոտ 25 տոկոսով պակաս բերք ենք ստանալու: Որակական տարբերությունը ևս այս տարի կզգացվի»,- ավելացրեց Մովսես Մանուկյանը:

 

Այս պահին մարզում ընթացքի մեջ է կարտոֆիլի բերքահավաքը, մեկնակել է հիմնականում վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը: Համեմատած մյուս տեսակների՝ միջավաղահաս և ուշահաս, վաղահասի բերքը ավելի ցածր է: «Մեր հույսը միջավաղահաս և ուշահաս կարտոֆիլի հետ է, որոնց բերքահավաքը դեռ չի սկսվել, բայց եթե այս տեսակների բերքն էլ ցածր լինի, ապա այս տարի մարզում, նախորդի համեմատ միջին բերքը ցածր կլինի: Նույն բանը չեմ կարող ասել բանջարաբոստանային կուլտուրաների մասով: Խնդիրը փորձեցինք այստեղ լուծել լրացուցիչ ոռոգմամբ, հետագայում էլ տեղումները ժամանակին եկան, հիմա այդ մասով խնդիր չկա և կպահպանվենք նախորդ տարվա ցուցանիշը»,- հավաստեց Մովսես Մանուկյանը՝ հավելելով, որ աշնանացանի մասով ցանքատարածությունների մասին հնարավոր կլինի խոսել միայն աշնանացանից հետո՝ նոյեմբերին: Այս պային ընթացքի մեջ են նաև աշնանացանի աշխատանքները:

 

Արմենուհի Մխոյան