Ռուսաստանից Ադրբեջան փոխանցվող ֆինանսական միջոցների ծավալը 50 տոկոսով նվազել է: Ռուսաստանի կենտրոնական բանկի պաշտոնական տվյալներով' 2015 թվականի առաջին կեսին այդ երկրից Ադրբեջան ուղարկված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 155 մլն դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում փոխանցման համակարգերի միջոցով Ռուսաստանից Ադրբեջան է փոխանցվել 310 մլն դոլար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տնտեսագետ-փորձագետ Օգթայ Բայրամովը փոխանցումների նվազման առնչությամբ modern.az-ի հետ զրույցում պարզաբանել է, որ դա կապված է ՌԴ-ում ընթացող տնտեսական ճգնաժամի հետ: «Այնտեղ վաստակի մեկնած ադրբեջանցիների մեծ մասը չի վերադառնում Ադրբեջան, այլ մեկնում է աշխատանքի Ուկրաինա եւ Ղազախստան»,- նշել է տնտեսագետը:

 

Նրա խոսքով' այն ադրբեջանցիները, որոնք Ռուսաստանում զբաղված էին առեւտրով, շարունակում են մնալ ՌԴ-ում:

 

«Նրանք հարմարվում են այդ երկրի իրավիճակին: Ռուսաստանից դուրս եկող ադրբեջանցիները բիզնես գործունեությամբ զբաղվողներն են, որոնք ցանկանում են իրենց բիզնեսը ստեղծել ավելի ձեռնտու երկրներում»,- ասել է նա:

 

Փորձագետը հավելել է, որ չնայած Ադրբեջան վերադարձող արտագնա աշխատավորների թիվը մեծ չէ, սակայն, ակնհայտ է, որ նրանք բացասական ազդեցություն կունենան Ադրբեջանում առանց այն էլ աճող գործազրկության վրա:

 

Նշենք, որ նավթի համաշխարհային գների սրընթաց անկումների եւ մանաթի արժեզրկման հետ կապված' Ադրբեջանի նավթարդյունաբերության, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր հատվածների բազմաթիվ ձեռնարկություններ հաստատություններ կամ փակվել, կամ էլ հաստիքների զանգվածային կրճատումներ են անցկացրել, ինչի պատճառով տասնյակ հազարավոր աշխատավորներ լրացրել են գործազուրկների շարքերը: Ենթադրվում է, որ այդ պատճառով, Ադրբեջանում գործազրկության մակարադակը (պաշտոնապես' 5 տոկոս) արդեն կրկնակի աճել է: