Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքը անվտանգության հուսալի երաշխիքներ է տրամադրել կազմակերպության անդամ պետություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է Pravda սլովակյան թերթի ցանցային տարբերակում հրապարակված հարցազրույցում:

 

«Մենք ոչ մի անմիջական վտանգ չենք տեսնում ՌԴ-ի կողմից,- ընդգծել է նա:- Դաշինքն անդամ պետություններին հուսալի միջոցներ է տրամադրում: Հենց դրա համար էլ գոյություն ունի ՆԱՏՕ-ն»:

 

Ստոլտենբերգը հրաժարվել է Ռուսաստանը դասել Արեւմուտքի թշնամիների շարքում: «Աշխարհում Ռուսաստանի դերը չափազանց բարդ է, որպեսզի մենք փորձենք նրան դասել բարեկամների կամ հակառակորդների շարքին: Մենք աշխարհում անվտանգության փոխված դաշտի վկաներն ենք: ՆԱՏՕ-ն պետք է հարմարվի այդ իրադրությանը: հենց դա էլ մենք անում ենք. ավելի շատ միջոցներ ենք ներդնում պաշտպանության բնագավառում, բարձրացնում ենք մեր ուժերի մարտունակությունը եւ ամրացնում դաշինքի արեւելյան թեւը»,- ասել է կազմակերպության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: