Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե' մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին թվիթերյան իր էջի միջոցով հայտնել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը: Դուշանբեի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել է Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզադան:

 

Դուշանբեում ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել Կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը: Անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին: Դուշանբեի նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում կստանձնի նախագահությունը: