Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը չի բացառում Սիրիայի իրադրության շուրջ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նոր բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:

 

«Ես, իհարկե, չեմ բացառում ապագայում այդ թեմայի շուրջ նախագահական մակարդակով նոր բանակցությունները»,- նշել է Էռնեստը: Նրա խոսքով՝ Օբամայի եւ Պուտինի միջեւ հաստատվել են այնպիսի հարաբերություններ, որոնք «թույլ են տալիս նրանց բավականին անկեղծ լինել միմյանց հետ»: Ընդսմին Սպիտակ տան մամուլի քարտուղարը վերստին հայտարարել է, որ «Ռուսաստանը շարունակում է Սիրիայում կատարել այնպիսի գործողություններ, որոնց կապակցությամբ ԱՄՆ-ը որոշակի մտահոգություն է հայտնում»:

 

Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է միջազգային մեկուսացման մեջ հայտնվել, եթե շարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: