Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում հայտնվել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնաթողության հանրագիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում աշխատանքի ավելի քան երեք ամսվա ընթացքում Միխեիլ Սաակաշվիլին չի կատարել իր խոստումներից ոչ մեկը»,- ասված է հանրագրի տեքստում:

 

Նշված է, որ նահանգապետի աշխատանքի երեք ամսվա ընթացքում Օդեսայի մարզի բնակիչները չեն տեսել դրական փոփոխություններ: Կոռուպցիայի դեմ պայքարը և բարենորոգումներն անցկացվում են միայն խոսքով, նշված է տեքստում: Դեռ ավելին, հանրագրի հեղինակները փաստաթղթում անվստահություն են հայտնել վերջերս կատարված կադրային վերաբաշխումների նկատմամբ, նշել են բյուրոկրատիայի դեմ անարդյունավետ պայքարը և մարզում ներդրումների բացակայությունը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի կայքում հայտնվել էր հանրագիր՝ նախկինում Վրաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Սաակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու առաջարկությամբ: Այն հավաքել էր անհրաժեշտ քանակությամբ ձայներ պետության ղեկավարի կողմից քննարկվելու համար: Ավելի ուշ Պորոշենկոն նշել է, որ Սահակաշվիլին հիանալի վարչապետ կդառնար, բայց Վրաստանի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: