«Հպարտ եմ լինել Ադրբեջանում: Ադրբեջանի հետ բարեկամական և եղբայրական հարաբերությունները բացառիկ նշանակություն ունեն»: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն'իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

 

 

«Այս երկու երկրները ոչ միայն եղբայրներ են, այլև ռազմավարական գործընկերներ: Մենք նաև հաճախ ենք հանդիպում միջազգային միջոցառումների շրջանակում»,- նշել է Սինիրլիօղլուն:

 

 

Նա նշել է, որ հանդիպման քննարկման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է:

 

 

«Այդ հարցը ես դիտարկում եմ որպես ամենամեծ խնդիրը տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար: Թուրքիան մտադիր է շարունակել ջանքեր ներդնել այդ հարցի լուծման ուղղությամբ: Հարցի լուծումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը: Մենք ցանկանում ենք, որ դա հասկանան նաև այլ երկրներ և միջազգային հանրությունը»,- ասել է թուրք նախարարը:

 

 

Նրա խոսքով' իրենք հետևում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և անհրաժեշտության դեպքում քննադատում կամ հավանություն են տալիս նրա գործունեությանը: Թուրք նախարարը նշել է, որ «հարկ է հրաժարվել այնպիսի քայլերից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել»: