Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի և մյուս այն երկրների նկատմամբ նոր տիպի պատժամիջոցների սահմանման մասին, «որոնք մասնակից են Ղրիմի անեքսիային և Դոնբասի ագրեսիային», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ի տարբերություն Ուկրաինիայի իշխանությունների նախկին որոշումների, որոնք սահմանափակում էին առաձին օտարերկրացի, առավելապես Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր, նոր «սև ցուցակում» կա գրեթե 400 ֆիզիկական և ավելի քան 100 իրավական անձ:

 

«Այս որոշումն ընդունվել է Եվրամիությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և այն մյուս երկրներից մեր գործընկերների հետ հստակ համակարգմամբ, որոնք պատշաճ հակազդեցություն են ապահովում Ղրիմի անեքսիային և Դոնբասի ագրեսիային»,- ասել է Պորոշենկոն՝ Կիևում Եվրամիության քաղաքականության և անվտանգության կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմանը:

 

Ընդամենն Ուկրաինայի պատժամիջոցների գործողության տակ հայտնված ֆիզիկական անձանց ցուցակում 388 մարդ է: Նրանք Ռուսաստանի, Ուկրաինայի քաղաքացիներ են, Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպայի մի շարք երկրների և Իսրայելի քաղաքացիներ:

 

Նրանց դեմ սահմանվող պատժամիջոցները նախատեսում են ակտիվների արգելափակում, նրանց պատկանող ունեցվածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումներ, Ուկրաինայի սահմաններից կապիտալների դուրսբերման կանխում, ինչպես նաև այցագրային սահմանափակումներ:

 

Ցուցակում հիշատակված ռուսաստանցի պաշտոնատար անձանց թվում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը, օդադեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը, Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Նաև պատժամիջոցների տակ են հայտնվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, երեխաների իրավապաշտպան Պավել Աստախովը, և Պետական դումայի մի շարք պատգամավորներ:

 

Ցուցակում ներառվել են նաև Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազևը, երգիչ Յոսիֆ Կոբզոնը, ակադեմիկոս Վիկտոր Պիվովարովը, դերասանուհի Վալենտինա Տելիչկինան:

 

Կիևի պատժամիջոցների ցուցակում են 105 ընկերություններ:

 

Դրանք տարածվում են նաև ՆՏՎ, «Պերվի կանալ» հեռուստաընկերությունների, ՌՏՌ-Պլանետա և Ռոսիա-24 հեռուստաալիքների վրա: