Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ խորը հարգանք է տածում Վարդան Օսկանյանի նկատմամբ, սակայն չի կիսում նրա դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում: Անդրադառնալով Օսկանյանի այն դիտարկմանը, թե «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»՝ Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչից պետք է վախենա հանրապետության նախագահը, եթե նրա ղեկավարած քաղաքական ուժն ունի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները գալիք ընտրություններում մեծամասնություն կազմելու համար:

 

«Եթե Հանրապետականին հաջողվի ունենալ մեծամասնություն, նախագահական ընտրություններում կուսակցությունը կունենա իր թեկնածուն և նույն հաջողությամբ կհաղթի նաև նախագահական ընտրություններում: Ես ուղղակի տրամաբանությունը չեմ հասկանում, երբ չեն գնահատում բարեփոխումների իմաստը՝ մեր երկրում հաստատել ամուր ժողովրդավարական կարգեր, այլ սկսում են պատրվակներ փնտրել, թե նախագահական ինստիտուտն են փորձում վերացնել: Իսկ ո՞վ է ասել, որ բարեփոխումներով մենք վերացնում ենք նախագահի ինստիտուտը: Այս երկիրը բարեփոխումներից հետո էլ շարունակելու է նախագահ ունենալ: Ես համոզված եմ, որ մեր ապագան, վերջիվերջո, կառավարման խորհրդարանական համակարգն է: Ես վստահ եմ, որ պարոն Օսկանյանն էլ է դրանում համոզված, քանի որ ժամանակին ինքն էլ է այդ տեսակետն ունեցել»,- ասաց Բաղդասարյանը:

 

Դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումների գործընթացին և կոչ է արել քաղաքացիներին դեմ արտահայտվել այդ փոփոխություններին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դեմ արտահայտվելու, ոչ ասելու դեպքում հարկավոր է ներկայացնել նաև հիմնավորումներ: «Այն, ինչ հայտարարել է պարոն Օսկանյանը, ես հիմնավորում չեմ համարում: Դա անձնական վերաբերմունք է, իսկ անձնական վերաբերմունքներով երկրի մայր օրենքը չեն ստեղծում»,- նշեց պատգամավորը:

 

Նա ողջունում է այն քաղաքական ուժերին, որոնք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների, հանրապետության նախագահի հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում են իրենց սկզբունքները, դիրքորոշումը, հիմնավորում են, թե ինչու են դեմ այս կամ այն դրույթին: «Սակայն նրանք երբեք կատեգորիկ չեն հայտարարում, որ մեր երկրին ընդհանրապես փոփոխությունները պետք չեն: Իսկ այն մարդիկ, ովքեր բացարձակ չեն ցանկանում որևէ քննարկման մասնակցել, կարող է շահադիտական նպատակներ ունեն նախագահ դառնալ, բայց միապետի կարգավիճակով: Նրանք ասում են՝ չենք ցանկանում մասնակցել քննարկումներին, սակայն չեն ասում վերջին նախադասությունը, որ չեմ մասնակցում, որովհետև ցանկանում են միապետ դառնալ»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը: