Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտակ Հանիսյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

Վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար' քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված:

 

Քաղաքապետը նաև նկատել է, որ վարչական շրջանի առջև դրված խնդիրներն անցած երեք տարիների ընթացքում ստացել են համապատասխան լուծումներ, ինչը թիմային կազմակերպված աշխատանքի արդյունք է:

 

Հատկանշելով, որ վարչական շրջանների հետևողական աշխատանքով է նաև ապահովվում քաղաքային տնտեսության դինամիկ զարգացումը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանք:

 

Հաշվի առնելով Արտակ Հանիսյանի' տեղական ինքնակառավարման համակարգում տարիների աշխատանքային փորձառությունը' քաղաքապետը նկատել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը քաջածանոթ է բնակիչների խնդիրներին և համոզմունք է հայտնել, որ պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները' նա նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով կնպաստի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և, առհասարակ, մայրաքաղաքի զարգացման ծրագրերի կյանքի կոչմանը:

 

«Վստահ եմ, որ, թիմային աշխատանքի ավանդույթները պահպանելով և շարունակելով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը կապահովի նախանշված բոլոր ծրագրերի կյանքի կոչումը: Մեզ համար այսօր կարևոր է բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը, ըստ այդմ ձեզանից ակնկալում եմ նաև էլ ավելի սերտացնել բնակիչների հետ ձևավորված մշտական կապը: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև վարչական շրջանի զարգացման ծրագրերի ուղղությամբ: Առկա խնդիրների լուծման հարցում պետք է համատեղենք մեր ուժերը և շարունակենք նախանշված բոլոր ծրագրերի իրականացումը: Ու մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ և հարմարավետ միջավայր ապահովել մեր բնակիչների համար»,- ընդգծել է քաղաքապետը:

 

Բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման ու բնակչությանը հուզող հարցերին տեղում ծանոթանալու համար Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև բակային տարածքներ պարբերական այցելությունների ու հանդիպումների ապահովումը՝ ընդգծելով, որ այս աշխատակարգն ապացուցել է իր արդյունավետությունը: