Orange Հիմնադրամը շարունակում է համայնքների զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանի մարզերում: Orange Հիմնադրամի, «Շեն» բարեգործական կազմակերպության և գյուղապետարանի համատեղ ջանքերի շնորհիվ՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի ամենափոքր բնակիչներն արդեն հաճախում են համայնքի նորաբաց մանկապարտեզը: Ծրագրի շրջանակներում Orange Հիմնադրամը կահավորել է վերանորոգված մանկապարտեզը՝ փոքրիկ սաների համար ստեղծելով կրթության և զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

 

 

Գեղարքունիքի մարզ կատարած մեկօրյա այցի շրջանակներում Orange Հիմնադրամի և «Շեն» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են արդեն շուրջ 70 սան ունեցող մանկապարտեզը:

 

 

«Orange Հիմնադրամի գործունեության կարևոր առանցքներից մեկն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքների սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը: Մեծապես ուրախ ենք լինել այսօր Ծովակի նորաբաց մանկապարտեզում, որը հանգամանքների բերումով շուրջ 20 տարի չի գործել: Վստահ ենք, որ այն թույլ կտա պատշաճ կերպով կազմակերպել համայնքի երեխաների նախադպրոցական կրթությունը, իսկ նրանց մայրիկները հնարավորություն կունենան ավելի ազատ տնօրինել իրենց ժամանակը, աշխատել՝ այսպիսով ամրապնդելով ընտանիքի ֆինանսական իրավիճակը», - նշեց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

 

 

Ծովակի մանկապարտեզի կահավորման ծրագիրը համալրում է ՀՀ մարզերում Orange Հիմնադրամի իրականացրած բազմաթիվ համայնքային զարգացման նախագծերը: Իր գործունեության սկզբից ի վեր Orange Հիմնադրամը զարգացման ու սոցիալական տարբեր բնույթի նախագծեր է իրականացրել Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 60 գյուղերում: