Հայաստանում մինչև 2025 թվականը նվազելու է հատուկ դպրոցների թիվը: ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Հանրակրթության օրենքի փոփոխությունը, որի գաղափարը համընդհանուր ներառումն է, բերում է նաև փոփոխություններ հատուկ կրթության ոլորտում: 2005 թվականին ունեինք 52 հատուկ դպրոցներ, որոնք իրականացնում էին կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների ուսուցում: Հետո դպրոցների թիվը նվազեց»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Նարինե Հովհաննիսյանը:

 

 

Նրա խոսքով, այսօր հանրապետությունում առկա է 23 հատուկ դպրոց: «Դրանք մինչև 2025 թվականը նվազելու են և վերակազմավորվելու բժշկամանկավարժական գնահատման կենտրոնների: Այնուամենայնիվ, դեռ կլինեն հատուկ դպրոցներ' ծանր խնդիրներ ունեցող երեխաների համար»,-հավելեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը:

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստը շարունակում է աշխատանքները: Նիստի օրակարգում ընդգրկված են հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման անհրաժեշտության, առկա խնդիրների և գործընթացների վերաբերյալ հարցեր: