Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում մոլեգնող սաստիկ հրդեհներից վնասը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներ: Ստույգ թիվը ճշտվում է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նահանգի իշխանություններին:

 

 

Ինչպես հայտնել է Կալիֆոռնիայի նահանգապետին առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մարկ Գիլարդուչին, կրակը սեպտեմբերի 12-ից 28,4 հազար հեկտար տարածք է ճարակել Լեյք, Նապա և Սոնոմա օկրուգներում: Ոչնչացվել է 1,9 հազար շինություն, ներառյալ 1238 տուն, շուրջ 3 հազար մարդ զրկվել է օթևանից: Նրանց ժամանակավոր ապաստան է տրամադրվել դպրոցական շենքերում և այլ կացարաններում:

 

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրամանագրով Կալիֆոռնիայի հյուսիսը տարերային աղետի գոտի է հայտարարված: Առավել մեծ վնաս է պատճառվել Քոբ բնակավայրին: Սեպտեմբերի 23-ին այնտեղ այրված տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Նա դարձել է տարերային աղետի վեցերորդ զոհը: Եվս առնվազն երեք մարդ անհայտ կորած է համարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: