ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին երկկողմ հանդիպում կանցկացնեն Նյու Յորքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես նշում է BBC-ն, բանակցությունները տեղի կունենան երկու երկրների միջեւ շարունակվող տարաձայնությունների ֆոնին, որոնք վերաբերում են Ղրիմին, Ուկրաինայի հակամարտությանը, ինչպես նաեւ Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայությանը:

 

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Օբաման եւ Պուտինը կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում:

 

Երկու երկրների ղեկավարները վերջին անգամ հեռախոսով զրուցել են Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանագրի կնքումից հետո:

 

«Հաշվի առնելով Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը՝ նախագահն այն կարծիքին է, որ, չնայած Մոսկվայի հետ մեր խորը տարաձայնություններին, անպատասխանատու կլիներ չփորձել առաջընթացի հասնել ռուսներին ամենաբարձր մակարդակով բանակցություններում ներգրավելու ճանապարհով»,- BBC-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ տեսանկյունից հանդիպման գլխավոր նպատակը Ռուսաստանին համոզելն է՝ պահպանելու Ուկրաինայում հրադադարի պայմանները, որոնք փետրվարին ընդունվել են Մինսկի բանակցություններում: