Հայաստանի հիվանդանոցների գերիշխող հատվածում առկա են տարբեր տիպի թերություններ: Այս տարեսկզբին կատարված մշտադիտարկման արդյունքների ներկայացման ընթացքում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը:

 

 

«Երևանում ուսումնասիրված առողջապահական հաստատությունների 97%-ում և մարզերի հիմնարկների 95%-ում հայտնաբերվել է այս կամ այն տիպի խախտումներ: Մասնավորապես, առօրյայում հանդիպող թերացումները՝ գործունեության համար լիցենզիայի բացակայությունը, լիցենզիայի առկայության դեպքում գործունեության չիրականացումը՝ մասնագետների բացակայության պատճառով, անբավարար նյութատեխնիկական հագեցվածությունը, կադրային վերազինման խնդիրները, մայրաքաղաքում առկա են մշտադիտարկվող հիմնարկների 69%-ում, իսկ մարզերում՝ 75%-ում»,- հայտնեց Արտակ Սահակյանը:

 

 

Մանրամասնելով նյութատեխնիկական հագեցվածության անբավարարության խնդիրը, ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետը մանրամասնեց, որ այն առկա է երևանյան բուժհիմնարկների 11%-ում, իսկ մարզայինի դեպքում՝ 22%-ում:

 

 

Պարզվել է, որ երևանյան' 75% և մարզային' 91% բուժհաստատությունների հետ աշխատող լվացքատներում հայտնաբերվել են տարատեսակ բացթողումներ: Դրանց շարքում է մեքենաների մակշման բացակայությունը, սպիտակեղենը չի ախտահանվում մինչև լվանալը, լվացքատան աշխատողները չեն անցնում պարտադիր բժշկական զննումներ:

 

 

Խոսելով բուժհաստատություններում դեղորայքի պահպանման պայմանների խախտման վերաբերյալ' Արտակ Սահակյանը տեղեկացրեց, որ ժամկետանց դեղերի նկատմամբ ներկայացված պահանջների խախտման դեպքեր եղել են Երևանում մշտադիտարկվող բուժհաստատություններից 25%-ում, իսկ մարզերում' 22%-ում:

 

 

Ստեղծված իրավիճակը շտկելու համար ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետը առաջարկեց մեկամսյա ժամկետում բոլոր հիվանդանոցներին, անկախ պետական կամ մասնավորի կարգավիճակից, նախարարություն ներկայացնել բոլոր թերությունների վերացման կապակցությամբ աշխատանքների արդյունքները, շարունակել մշտադիտարկումները, և պահանջների խախտման կրկնությունը կանխելու նպատակով պետպատվերի պայմանագրում նախատեսել պատժիչ կետեր՝ ընդհուպ մինչև հայտի լուծարումը:

 

 

Մշտադիտարկվել է թվով 88 բժշկական կազմակերպություն, որոնցից 32-ը գտնվում են Երևանում, իսկ 56-ը՝ մարզերում: