Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատ Բաց խորանում 7 տարին մեկ անգամ ընթացող Սրբալույս Մյուռոնի օրհնության կնքահայր 2015-ին դարձավ Մայր Աթոռի բարերար Հայկ Տիտիզյանն Անգլիայից: Սրբազան ավանդության համաձայն, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Սրբալույս Մյուռոնի օրհնություն կատարեց, Մյուռոնի կնքահայրության պատիվը շնորհեց հայոց Տրդատ արքային, ով ստանձնեց հայության համար պատրաստված հրաշազարդ յուղի պաշտպանությունն ու հովանավորությունը:

 

 

Հայ եկեղեցու որոշ արարողակարգեր, ինչպիսին Ջրօրհնեքն է կամ Մյուռոնօրհնեքը, ունեն իրենց «կնքահայրերը»: Ջրօրհնեքի կնքահորը անվանում են «Խաչի քավոր», իսկ Մյուռոնօրհնության կնքահորը' «Մյուռոնի քավոր»: Վերջին շրջանում այս երկու արարողությունների կնքահայրերը եկեղեցանվեր աշխարհականներ են' ի նշան հավատացյալ ժողովրդի աղոթքների: Կնքահայրը ունի իր կարեւոր դերակատարությունը Մյուռոնօրհնության ընթացքում: Մյուռոնօրհնության թափորի մեջ' Հայրապետի անմիջապես առջևում, ծիսական մետաքսե շապիկով քայլում է կնքահայրը, ով, սովորաբար բարձրանալով Բեմ, օգնում է բացել Կաթսան:

 

 

Հայ առաքելական եկեղեցում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը սովորաբար տեղի է ունենում 7 տարին մեկ: Մյուռոնօրհնությունը կատարում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ Մյուռոնի Կնքահայրը ներկայացնում է համայն հայությունը: Ջրօրհնեքի արարողությունը, ի տարբերություն Մյուռոնօրհնեքի, տեղի է ունենում հայկական բոլոր եկեղեցիներում, և յուրաքանչյուրն Եկեղեցի ունի Խաչի իր քավորը: Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց մասնավոր զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու առաքելութ յանը, աջակցում են հոգեւոր հովվին' կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը:

 

 

Մյուռոնի քավորն ընտրվում է' հաշվի առնելով ազգային-եկեղեցական կյանքում նրա ունեցած ավանդը: Քավորությունը նաև Եկեղեցու գնահատանքն է ազգային և եկեղեցական կյանքում տվյալ անձի ունեցած կարևոր ավանդի և վաստակի:

 

 

Մյուռոնի քավոր 2001-ին եղել է արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը, 2008-ին' ամերիկահայ բարերար Սարգիս Բեդևյանը: