Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով, և այս համատեքստում, բռնությունները չեն կարող հարցի լուծում լինել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ան Բրասերը: «Այս պահին ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, և այդ համատեքստում, բռնություններն անընդու նելի են և չեն կարող հարցի լուծում համարվել»,- ասել է Բրասերը:

 

 

Նա ընդգծել է, որ ոմանք իրենց հորդորում են չխառնվել բանակցային գործընթացին' հիշեցնելով, որ հակամարտող կողմերը ԵԽԽՎ անդամ պետություններ են: «Մենք պետք է հարցի լուծումը գտնենք երկխոսության միջոցով: Մենք ԵԽԽՎ դահլիճում տեսնում ենք երկու երկրների միջև առկա լարվածությունը, որը հարկավոր է թուլացնել, նվազագույնը' գտնել խնդրի կարգավորման ուղին, քանի որ այդ ամենի հետևանքով առաջին հերթին տուժում է տարածաշրջանի ժողովուրդը: Այդ մարդիկ ևս Եվրոպայի խորհրդի անդամ են, և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն»,- նշել է Բրասերը: