ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա տղամարդու կողմից կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

 

 

Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 26-ամյա երիտասարդը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս հրել-գցել է գետնին և ոտքով հարվածներ է հասցրել որովայնին։ Հարվածների հետեւանքով վնասվել է կնոջ փայծաղը՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Կինը վիրահատվել է «Համալսարանական թիվ 1» հիվանդանոցում, որտեղ հեռացվել է նրա փայծաղը։

 

 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ 26-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։