«Հայաստանի էլեկտրական ցանցերում» արդիականացման հարցը միշտ գոյություն ունի, քանի որ խոսքը մշտական ծառայություններ մատուցող ընկերության մասին է: Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը՝ վստահեցնելով , որ ՀԷՑ-ի նոր գնորդի պարտավորությունների մեջ է մտնում ցանցերի արդիականացման խնդիրը: «Ասեմ, որ ՀԷՑ-ի նոր գնորդը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մշակում է հակաճգնաժամային ծրագիր: Ես որքան տեղյակ եմ, այդ ծրագրի մշակման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արաբաջյանը:

 

Նա նաև վստահեցրեց, որ ՀԷՑ-ի նոր գնորդն ամբողջությամբ պետք է մարի նախկին սեփականատիրոջ՝ համակարգում կուտակած պարտքերը, քանի որ դա ևս նրա պարտականությունների մեջ է մտնում:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին կայացած նիստում թույլատրել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

 

«Տաշիր գրուպ» ընկերությունների խումբը սեպտեմբերի 30-ին հաղորդագրություն է տարածել, որ պատրաստվում է ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում «Ինտեր ՌԱՕ» ընկերության էլեկտրաէներգետիկ ակտիվները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Տաշիր գրուպ» ընկերության մամուլի ծառայությունից, այս առնչությամբ ընկերությունները պայմանագիր են ստորագրել:

 

«Գործարքն արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից և ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո: Կողմերը նաև պայմանավորվածության են հասել առ այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն կշարունակեն ողջ ծավալով կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները»,- ասված է «Տաշիր գրուպի» տարածած հաղորդագրության մեջ: