Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը սպտեմբերի 30-ին որոշում է ընդունել 21 մլն դոլարի չափով փոխառություն տրամադրել Հայաստանին՝ հանրապետության էլեկտրոնային կառավարության համակարգի զարգացման համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀԲ-ի մամուլի ծառայությանը:

 

«Այդ նախագիծը կօգնի Հայաստանի կառավարությանը հասարակայնության առջև ֆինանսական հաշվետվության որակի մակարդակը բարձրացնելու և էլեկտրոնային կառավարության մի շարք կատարելագործված ծառայություններից օգտվելը բարելավելու գործում»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

 

«Պետական ծառայությունների տրամադրման բարելավման միջոցով կառավարման կատարելագործումը Բանկի աջակցման ծրագրի գերակայություններից մեկն է»,- նշել է ՀԲ-ի՝ Հայաստանի հարցերով ներկայացուցիչ Լորա Բեյլին:

 

Ֆինանսավորումը, մասնավորապես, նպատակամղված է Երևանում տրանսպորտային սպասարկման, հյուպատոսական ծառայությունների մատուցման համակարգի արդյունավետության և որակի բարձրացմանը, ինչը թույլ կտա դյուրացնել ճանապարհորդների համար այցագրերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսների նախարարության կողմից թույլատրագրերի տրամադրման ընթացակարգի պարզեցմանը:

 

Համաշխարհային բանկը փոխառությունը տրամադրում է արտոնյալ պայմաններով՝ վճարումների 14,5 տարվա հետաձգմամբ: Երևանն այն վճարելու է 25 տարվա ընթացքում: Ինչպես նշվում է, 1992 թվականին ՀԲ-ի կազմակերպությունների խմբին միանալուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանը տարբեր նախագծերի իրագործման համար նրանից ստացել է շուրջ 2,179 մլրդ դոլար: