Աֆղանստանի զինված ուժերն ազատագրել են այս շաբաթ ավելի վաղ «Թալիբան» շարժման զինյալների կողմից գրավված Կունդուզ քաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին հաղորդել է Reuters-ը:

 

Գործակալության տվյալներով՝ անվտանգության աֆղանական ուժերը վերջին ժամերին խոշոր հարձակողական գործողություն են անցկացրել ծայրահեղականների դեմ և ներկայում վերահսկում են քաղաքի հիմնական մասը:

 

Աֆղանստանի կառավարական ուժերը թալիբներից Կունդուզի ազատագրման գործողությունն սկսել էին սեպտեմբերի 29-ին: Սեպտեմբերի 30-ին Կունդուզի մերձակայքում «Թալիբան» շարժման զինյալների հետ մարտի մեջ են մտել ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության ուժերը: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նույնպես հարվածներ են հասցրել ծայրահեղականների դիրքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: