Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Ռուստամ Ս.-ն 2015 թվականի օգոստոսին քաղել է կանեփ տեսակի բույսի տերևներ, որից պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Վերջինս իր պատրաստած թմրամիջոցի մի մասը 2015 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ապօրինի իրացրել է Ն. Պ.-ին, իսկ մյուս մասը՝ զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, պահել է իր մոտ: Ռուստամ Ս.-ն նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն, որի ընթացքում Ռուստամ Ս.-ն հայտնել է, որ իր մոտից հայտնաբերված թմրամիջոցն իրականում իրեն չի պատկանել, ինչի մասին տեղեկացրել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողին: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել կրծքավանդակին, քաշքշել և հրել է՝ պահանջելով քննիչի մոտ պնդել բացատրությամբ հայտնած տեղեկությունները:

 

Ոստիկանության հիշյալ բաժնի մեկ այլ ծառայող սպառնացել է իրեն' հայտնելով, որ եթե չպնդի նախկինում հայտնած տեղեկությունները, ապա կդատապարտվի, ինչի արդյունքում տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:

 

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Նախաքննությունը շարունակվում է: