Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի օդային ռազմական գործողությունները ՌԴ-ի և Թուրքիայի միջև դիմակայության սպառնալիք չեն կրում:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Նյու Յորքից վերադարձին, որտեղ նա գտնվում էր ՄԱԿ-ի գագաթաժողովին մասնակցելու համար, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն ասել է. «Ռուսաստանի հետ մեր շփման ուղիները բաց են: Չեմ կարծում, որ մեր միջև դիմակայություն կստեղծվի, և Ռուսաստանը Թուրքիային անհանգստացնող գործողություն կկատարի: Ռուսաստանը տեղեկացրել է մեզ Սիրիայում գործողության մասին, բայց մանրամասները չեն բացահայտվել և չի նշվել, թե որոնք են նրանց թիրախները: Ռուսատանի կողմից հարվածների ենթարկված թիրախներն ամբողջությամբ «Իսլամական պետության» օբյեկտներն են եղել»:

 

 

Ռուսաստանը չորեքշաբթի օրվանից կետային ավիահարվածներ է սկսել ԻՊ-ի օբյեկտներին Սիրիայում: ՌԴ ՊՆ տվյալներով, երկու օրերի ընթացքում ռուսաստանյան ավիացիան ոչնչացրել է 10 նպատակակետ, այդ թվում' խոցել է պայթուցիկների ԻՊ-ի գործարանը, ահաբեկիչների հրամանատարական կետը, ռազմամթերքների պահեստը: Նշանակետերն ընտրվում են Ռուսաստանի և Սիրիայի հետախուզական, այդ թվում' օդային հետախուզության տվյալների հիման վրա: