Անցնող շաբաթը լի էր բազմաբնույթ իրադարձություններով: Ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրանքները Հայաստանի հետ սահմանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ուղղությամբ, սակայն հայկական զորամիավորումները շարունակում են վերահսկել իրավիճակն ու պատժիչ գործողություններ իրականացնել՝ սթափեցնելով հակառակորդին: Ռուսաստանյան օդ ուժը գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում, իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են:

ԼՂ հակամարտություն

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (41 արկ), 82 (100 արկ) և 120 մմ-ոց (8 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) և ՀԱՆ-17 (3 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

 

Հակառակորդը սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ' տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց' այդ թվում շուրջ 160 կրակոց' 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց' TP-107 հրթիռահրետանային կայանքից:

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (56 արկ), 82 (11 արկ)և 120 (7 արկ) մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 (3 արկ), ՍՊԳ-9 (3 արկ ) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան1500 կրակոց:

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (28 արկ) և 82 (31 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (20 արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

 

Հոկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60/107/ արկ. և 82/16 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ 17 /17 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:

 

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում' Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով, Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից հոկտեմբերի 1-ին' ժամը 22:30-ի սահմաններում, ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է խոստովանել իր իսկ հրահրած ագրեսիայի համարժեք պատասխանի արդյունքում ունեցած մարտական կորուստների մասին: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները' սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով: Այս մասին նշված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ նախորդ մի քանի օրերին սահմանային միջադեպերի հետևանքով ադրբեջանական կողմի կորուստները հայտարարվածից ավելի շատ են:

 

Իսկ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 28-ինն հերքել է Ադրբեջանի կրակային հարվածների արդյունքում յոթ հայ զինծառայողների մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը: Հոկտեմբերի 2-ինն ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության հերթական ապատեղեկատվությունն այն մասին , թե իբր հայկական կողմը հոկտեմբերի 1-ին և 2-ին շփման գծում ունեցել է զոհեր և վիրավորն եր:

 

Հակառակորդի մարտական դիրքերից 2015 թվականի սեպտեմբերի 24-ին հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով գյուղացիներին և համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքը եւս անմասն չի մնացել թշնամու գնդակոծությունից:

 

Սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզի Պառավաքար համայնքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել:

 

Վիեննայի 2011թ. Փաստաթղթի շրջանակներում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարածքում: Տեսուչները ցանկություն են հայտնել լինել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, և երկուսը ստացել բեկորային վիրավորումներ: Նրանք այցելել են զոհվածների ընտանիքներ, զրուցել նրանց հարազատների հետ, լուսանկարել են թուրքական արտադրության TR-107 հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների բեկորների լուսանկարներ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում:

 

Հակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված հինգ զինծառայող հոկտեմբերի 2-ին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ. նրանց վիճակը գնահատվում է բավարար:

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր եւ արդեն ձեռք բերված որոշումների իրագործման գործընթացին:

 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել է հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը:

 

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը հայտարարություն է տարածել վերջին օրերին ադրբեջանական կողմից հայկական բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ:

 

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը Նյու Յորքում փորձում էր նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա երկխոսությանը, խիստ մտահոգիչ են դառնում վերջին սահմանային հարձակումներն ադրբեջանական կողմից: Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանըքը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով, և այս համատեքստում, բռնությունները չեն կարող հարցի լուծում լինել: Այդ մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ան Բրասերը:

 

Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցադրումներ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ անդրբեջանական հարձակումների կապակցությամբ:

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: «Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում' կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում»,- ասել է երկրի ղեկավարը:

 

Հայաստանը բարձր է գնաահատում Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այս մասին ընդգծել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ է որակել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը Նյու Յորքում:

 

ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի Ռուսաստան, Ջեյմս Ուորլիքի ԱՄՆ եւ Պիեր Անդրյուի Ֆրանսիա հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նա նշել է, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել հարևանների կողմից անօրինական կերպով Հայաստանի շրջափակման վրա:

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ' կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:

 

ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների' սեպտեմբերի 27-ի հայտարարությունը շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում' նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանել է ՄԱԿ-ի առաքելություններին մասնագիտացված ստորաբաժանումներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությանն ու շփման գծում տեղի ունեցող դեպքերը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. Նոր լարումն անթույալտրելի է: Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը' մեկնաբանելով վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածությունը:


Եվրոպական խորհրդարանի անդամ Խորդի Սեբաստիան վստահ է' Հայաստանի և ԼՂ դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին հարձակումները նպատակ ունեին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը' անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն ստեղծելու քայլերին:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու կարիք չկա, քանի որ հայկական զինված ուժերը կարողանում են զսպել Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները: Այս մասին ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: «Ցանկալի է, որ լինի ՀԱՊԿ արձագանքը, սակայն լուրջ արձագանք դեռևս չկա: Մենք կարող ենք համարժեք պատասխան տալ ադրբեջանական սադրանքներին և օգնություն դեռ չենք խնդրում, սակայն ակնկալում ենք մարդկային աջակցություն»,- ընդգծեց Խաչատուրովը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային զարգացումներին և ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր:

 

Ֆրանսիան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում' պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան չի դատապարտում ադրբեջանական կողմի հարձակումները, որոնք խլել են 3 քաղաքացիական անձանց և 4 զինծառայողի կյանք:

 

Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբի համակարգող Չարլզ Թաննոքը հարց է ուղղել Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցչին և փոխնախագահին' Հարավային Կովկասում ռազմական սրված իրավիճակի վերաբերյալ:

 

Ադրբեջանը ստանում է համապատասխան հակահարված և մոտ ժամանակներս «խելքը գլուխը կհավաքի»: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և ծանր հրետանու կիրառմանը՝ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Հայկական կողմը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին համապատասխան պատասխան տալու գործում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու կարիք չի զգում»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

 

Միջազգային հանրությունը լավ գիտի, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը և հրաժարվում սահմանների շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանական համակարգի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Արձանագրվել է, որ անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 445 անգամ՝ այդ ընթացքում կիրառելով տարբեր տրամափաչի հրաձգային և հրետանային սպառազինություն:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ Պաշտպանութան ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ չնայած հակառակորդի նախահարձակ գործողությունները զսպելու, անդրադարձելու և պատժելու ներկայիս հրատապությանը, ռազմական գերատեսչության ջանքերը ոչ պակաս չափով մտասևեռված են կազմակերպության արդյունավետության բարձրացմանը և մարտական կարողությունների հեռանկարային զարգացմանը:

 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը հոկտեմբերի 1-ին Նյու Յորքում' ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է ԵԱՀԿ տրոյկայի՝ Շվեյցարիայի, Սերբիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հովանու ներքո կազմակերպած ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպմանը։ «Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հետևաբար, բոլոր միջազգային, ներառյալ ԵԱՀԿ ջանքերը' ուղղված հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն նշված ձևաչափի շրջանակներում և դրա մոտեցմանը համահունչ»,- ասել է նախարարը:

 

Հանուն միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հետաքրքրություն չի տեսնում: Հոկտեմբերի 2-ին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման թեմայով կազմակերպված քննարկմանը Թոմաս դե Վալը միացել էր տեսակամուրջի միջոցով: Նա ընդգծեց, որ հայկական կողմի համար պատերազմը ձեռնտու չէ, քանի որ իրավիճակը նրա օգտին է, իսկ Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Նիկոլայ Բորդյուժայի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Սահմանին Ադրբեջանի ակտիվությունը լայնածավալ պատերազմի վերածվել չի կարող, քանի որ պաշտոնական Բաքուն շատ լավ գիտակցում է, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ իր համար: Սեպտմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա հավելեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր հարթակից վկայում է, որ պաշտոնական Երևանն այսուհետև իր անվտանգությունն ապահովելու հարցում հիմնվելու է ոչ թե միջազգային ճնշման հնարավոր գործոնի, այլ ռազմաքաղաքական և իրավական գործընթացներ կյանքի կոչելու սեփական ներուժի վրա:

 

Չի բացառվում, որ Ադրբեջանի նման հարձակողական ու ագրեսիվ վարվելակերպը հերթական անգամ սեփական երկրի բնակչության ուշադրությունը շեղելու փորձ է ներքին քաղաքական լարվածությունից և մոտակա ժամանակ ակնկալվող ադրբեջանական տարադրամի հերթական արժեզրկումից: Նման կարծիք սեպտեմբերի 28-ին լրագորղների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

 

«Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը պատահական չի համարում, որ Ադրբեջանը սահմանին իրավիճակը սրեց ԱՄՆ-ում ՄԱԿ-ի գագաթնաժողովից առաջ:

 

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը կապված է ադրբեջանական ղեկավարության այն սխալ հաշվարկի հետ, թե սահմանին լարվածություն առաջացնելու եղանակով հնարավոր կլինի ազդեցություն ձեռք բերել Նյու Յորքում Մինսկի խմբի միջնորդական առաքելության շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների վրա: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը նման ք այլերի է գնում Թուրքիայի համաձայնությամբ:

 

Ադրբեջանը չունի մարդկային, ռազմական և քաղաքական ռեսուրսներ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը:

 

Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակը ստիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահներին ցույց տալ միջազգային հանրությանը, որ հենց Ադրբեջանն է հանդիսանում այն կողմը, որը բացարձակապես պայմաններ չի ստեղծում խաղաղ կարգավորման, լարվածության նվազեցման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը

 

ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահն իր ելույթի հիմքում դրեց այն թեզը, որ Ադրբեջանն իր պահվածքով ողջ միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ որևէ կերպ խաղաղության հասնելու ցանկություն չունի, իսկ նրա որդեգրած ձեռագիրը սադրանքի ձեռագիրն է: Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Միջազգային հանրությունը ունի համապատասխան լծակներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սադրիչ գործողությունները զսպելու համար, սակայն դրանք ամբողջովին չի կիրառում: «Սահմանին պարբերաբար լարվածություն առաջացնելուԱդրբեջանի քաղաքականությունը և դրան միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը Հայաստանին ստիպում են հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անվտանգության տեսանկյունից մեկ տարածք են, հիշեց նել, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է»,- ասաց նա:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում քաղաքագետ Արա Պապյանը գնահատում է շատ կարևոր ու ճիշտ:

Ադրբեջանի ղեկավարությունը նավթի գների անկմանը զուգահեռ լարվածություն է ստեղծում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քանի որ այդպիսով հեշտ կլինի ադրբեջանական հասարակությանը բացատրել բնակչության կենսամակարդակի անկումը, շեղել հասարակության ուշադրությունը երկրում առկա բազմաթիվ խնդիրներից: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, որ այս ժամանակահատվածում միայն կարող է պատերազմել, որովհետև հետագայում, կապված նավթի գների անկման հետ, նրանք այդքան փող չեն ունենալու պատերազմի մեջ մտնելու համար: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

 

Լեռնային Ղարաբաղի համակարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել: Ադրբեջանը հակամարտության ողջ ընթացքում փորձել է ստիպել միջազգային հանրությանը և Հայաստանին ընդունել իր պայմանները և այդ քաղաքականությունը մինչև հիմա շարունակվում է: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

 

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից

Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու կազմակերպմամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնաժողովի հովանու ներքո սեպտեմբերի 25-ին և 26-ին Աթենքում կայացել են Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, Վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոստյանի դասախոսությունները:

 

Մյուռոնօրհնեքի առիթով Հայաստանում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու և քույր եկեղեցիները հոգևորականները սեպտեմբերի 28-ին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր' Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ զետեղեցին անմեղ զոհերի հիշատակի կոթողին:

 

Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը վստահ է'ամեն գործիք կարծես վառ անհատականություն է'մարդու նման: Երիտասարդ երաժշտի խոսքով' գործիքով նվագելու համար դաշնակահարը պետք է «թափանցիկ» լինի: «Արմենպրես»-ը զրուցել է Նարե Արղամանյանի հետ գործիքի, ծրագրերի, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգների և այլ հարցերի շուրջ:

 

Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային այց է կատարել Սարդինիա: Կղզու Մանդաս քաղաքում տեղի է ունեցել դեսպանի հանդիպումը քաղաքապետ Մարկո Պիզանուի և Իտալիայի քաղաքապետարանների ազգային ասոցիացիայի նախագահ Ումբերտո Օպուսի հետ: Կողմերը քննարկել են հայ-իտալական հարաբերություններին, երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապերի զարգացմանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանն առնչվող հարցեր:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին ու Հռոմի Ֆրանցիսկոս պապին' Վատիկանում մատուցված պատմական պատարագի համար: Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ընթացքում' Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու Հայաստանի հաստատակամության մասին են վկայում Մարդու իրավունքների խորհրդում պարբերաբար առաջադրվող բան աձևերը, որոնցից վերջինն ընդունվել է այս տարի:

Հայոց ցեղասպանության մասին ցուցադրություն է բացվել Բրյուսելում' Բելգիական դիմադրության թանգարանում (National Museum of the Resistance):

Գերմանացի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ և մասնակից Թեսա Հոֆմանը Բեռլինում դասախոսություն և քննարկում կանցկացնի ցեղասպանության հացանգործության, հայ-թուրքական հարաբերությունների և այդ համատեքստում Թուրքիայի և Գերմանիայի դիրքորոշման թեմայով:

Սարագոսայում և Մադրիդում սեպտեմբերի 25-26-ին տեղի են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Իսպանիայում հայտնի և մեծ համբավ վայելող ջութակահար, օրերս լատինական Գրեմմի մրցանակի առաջադրված, Արա Մալիկյանի համատեղ համերգները: Համերգները տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:

 

Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հոկտեմբերի 2-ին Արգենտինայի Միսյոնես նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք' ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Նոր օրենքն իր դրույթներով հավատարիմ է մնացել դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունված 26,199 ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը սահմանուÕ ´ է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»:

 

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 1-ին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սեպտեմբերի 30-ին Հայաստան ժամանած Յուրի Ջորկաեֆը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Միջազգային մակարդակի փաստաբան և մարդու իրավունքների անվանի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա «Արդարության պաշտպաններ» մրցանակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակը կտրվի հոկտեմբերի 25-ին՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի կազմակերպած ամենամյա գալա ընդունելության ժամանակ:

Հայոց ցեղասպանության և հայ զոհերի նկատմամբ հանրությանն ուշադրությունը գրավելու ջանքերի համար ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոլը պարգևատրվել է «Երախտագիտության» մրցանակով:

 

Թուրքական «Հուրիեթ» պարբերականի լրագրող, Հայոց ցեղասպանության ճանաչման հայացքներով հայտնի Ահմեթ Հաքանի վրա սեպտեմբերի 30-ի երեկոյան հարձակված անձինք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)' Ստամբուլի Ֆաթիհ շրջանային գրասենյակի անդամներ են:

 

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակում խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունները: Այս մասին Անկարայի «Հիլթոն» հյուրանոցում կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հետ համատեղ հանդիպմանը ներկաներին հայտնել է ԺԴԿ համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը:

 

Ռուսաստանը Սիրիայում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում են անցկացրել Նյու Յորքում եւ քննարկել սիրիական ճգնաժամի կարգավորումը:

Սեպտեմբերի 28-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ռուսական զորքերը Սիրիայում որեւիցե ռազմական գործողության չեն մասնակցի:

Անհրաժեշտ Է համակարգել Ռուսաստանի գործողությունները Սիրիայի տարբեր ուժերի հետ՝ նպատակ ունենալով բացառել նույնիսկ պատահական թյուրիմացության հնարավորությունը Սիրիային աջակցող ռուսների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող սիրիական ընդդիմության ջոկատների միջեւ: Այս կարծիքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է Reuters գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 27-ին: Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին հակազդելու Ռուսաստանի պլանները:

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիա ժամանելուն պես մի շարք ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կառավարական ուժերի դեմ Հալեպի նահանգում կռվող մարտիկների դիրքերի վրա: Ռուսաստանյան օդուժին ցամաքից աջակցել է սիրիական բանակը: Գործողությունների ընթացքում ոչնչացվել են 120-140 իսլամիստ ահաբեկիչներ:

Սիրիական հակամարտության լուծման համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են համագործակցել ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այդ մասին սեպտեմբերի 28-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որն առաջինն է դարձել 2013 թվականի ամռանից ի վեր:

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում Է համակարգել ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Մոսկվան հուսով Է, որ Վաշինգտոնն ըմբռնեց իր դիրքորոշումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն իր ստորադրյալներին հրաման Է տվել Ռուսաստանի հետ «կապի գիծ բացել» Սիրիայում գործողությունների համակարգման համար:

ԱՄՆ-ը կարեւորում է «սահուն իշխանափոխությունը» Սիրիայում եւ չի պահանջում երկրի նախագահ Բաշար Ասադի անհապաղ պաշտոնաթողությունը: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի քննարկմանն առաջարկություն Է ներկայացրել արտասահմանում Ռուսաստանի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին որոշում ընդունելու վերաբերյալ: ՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործել Սիրիայում:

Սիրիայի տեղեկատվության նախարարությունում հաստատել են, որ Դամասկոսը ռազմական օգնություն Է խնդրել ՌԴ-ից երկրում հակամարտությունը լուծելու համար: Այդ մասին հայտարարել Է Սիրիայի տեղեկատվության նախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի ալ Ահմադին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նամակ Է ուղարկել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ռազմական աջակցություն Է խնդրել Ռուսաստանից:

Թեհրանը ողջունում Է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ավիահարվածներ հասցնելու համար ռազմաօդային ուժեր կիրառելու Մոսկվայի որոշումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Մոսկվան չի պատրաստվում ամբողջովին խորասուզվել սիրիական հակամարտության մեջ:

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կշարունակեն Սիրիայում հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա գործողությունների «մի քանի տարբերակներ»: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ ամփոփելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 30-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած բանակցությունների արդյունքները:

Ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանը նոր ավիահարվածներ Է հասցրել Սիրիայում: Գրոհի թիրախներ են դարձել ապստամբների դիրքերը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որը վերահսկվում Է որպես «Նվաճման բանակ» հայտնի միության կողմից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում Է, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու համար գործողությունների համակարգման շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը կավարտվի նման փոխգործակցության համար մշտապես գործող մեխանիզմի ստեղծմամբ: