Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմային էլեկտրակայանում ավարտվել են առաջին ռեակտորի պաշտպանական գմբեթի ապամոնտաժման աշխատանքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:

 

 

2011 թվականի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին հաջողվել է ամբողջությամբ հանել գմբեթի վեց վերին պանելները: Այժմ նրանք կսկսեն վթարի հետևանքով կուտակված աղբի հավաքումը, իսկ ենթադրաբար 2020 թվականին նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո ձեռնամուխ կլինեն ռեակտորի վրա գտնվող հատուկ ավազանից բանեցված միջուկային վառելիքի դուրսբերմանը:

 

 

2011 թվականի մարտի 11-ին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով միջուկային վառելիքի հալում է տեղի ունեցել միանգամից երեք ռեակտորներում: Ճապոնիայի ընդարձակ տարածքներ աղտոտվել են ռադիոակտիվ նյութերով: Ատոմակայանի շրջանից տարհանվել է ավելի քան 80 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: