Սիրիացի քրդերը պաշտպանում են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում եւ Մոսկվայի հետ ռազմական համագործակցության հույս ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմ Մուհամեդը:

 

«Ժողովրդավարական միությունը» սիրիացի քրդերի ամենաազդեցիկ կուսակցությունն Է, Սալիհ Մուսիլմ Մուհամեդը դրա հիմնադիրն Է ու նախագահը: Կուսակցության մարտական թեւը «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն» են:

 

«Մենք բոլոր նրանց կողմից ենք, ովքեր Սիրիայում պայքարում են ահաբեկչության դեմ: Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, ապա, թեեւ այդ գործողություններն ուշացած են, դրանք վայելում են մեր աջակցությունը: Մենք հուսով ենք, որ դա, ի վերջո, կնպաստի Սիրիայի հակամարտության լուծմանը»,-հայտարարել Է կուսակցապետը: Նա այն կարծիքին Է, որ ԻՊ-ի դիրքերին Ռուսաստանի ավիահարվածները «արդյունավետ են եւ հասնում են իրենց նպատակին»: Դրա վկայությունն «աղմկալի արձագանքն Է այն երկրների ԶԼՄ-ների կողմից, որոնք պաշտպանում են ահաբեկչությունը Սիրիայում»,-նշել Է քաղաքական գործիչը:

 

Սալիհ Մուսլիմ Մուհամեդը նշել Է, որ Սիրիայում գործողություններ իրականացնելիս Մոսկվան կարող Է ակտիվորեն գործակցել ԻՊ-ի դեմ կռիվներում իր մարտունակությունն արդեն ապացուցած «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հետ: «Քրդական կողմը ներկայում համագործակցում Է միջազգային կոալիցիայի հետ եւ, իհարկե, մենք ցանկանում ենք, որ ե՛ւ քրդերը, ե՛ւ կոալիցիան ահաբեկչության դեմ այդ պայքարում համագործակցեն ՌԴ-ի հետ: Մենք ցանկանում ենք, որ բոլոր կողմերը համախմբվեն այդ չարիքի դեմ»,-ասել Է քուրդ առաջնորդը: