Թուրքիայի օդային սահմանը ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից խախտելու հարցի առնչությամբ Անկարայում ՌԴ դեսպանը երկրորդ անգամ է կանչվել Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:

 

 

Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ դեսպանին ներկայացվել են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ անցկացված անվտանգության խորհրդի արդյունքներով ընդունված փաստաթղթի մանրամասները, ինչպես նաև հերթական անգամ հիշեցրել են Թուրքիայի օդային սահմանը չխախտելու կարևորությունը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել են նաև, որ պատրաստ են Անկարայում հանդիպել ռուսական ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հետագայում նման դեպքերից խուսափելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

 

 

Թանժու Բիլգիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ռուսական և թուրքական կողմերը համաձայնության են եկել աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ:

 

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 5-ին Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություն էր տարածել՝ կապված հոկտեմբերի 3-ին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքը խախտելու հետ: «Այս կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքների պատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

 

Ավելի ուշ ռուսական կողմը հստակեցում մտցրեց իրադրության մեջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ Ռուսական Су-30 կործանիչը, որը Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետության» դեմ գործողություններին, Թուրքիայի օդային տարածքը խախտել է սխալմամբ' ոչ բարվոք եղանակային պայմանների պատճառով:

 

 

Այնուհետև տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հոկտեմբերի 3-ի ներխուժումից զատ ռուսական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային սահմանը նաև հոկտեմբերի 4-ին, սակայն այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն ռուսական կողմից դեռևս չի արվել:

 

 

Խնդրի վերաբերյալ հայտարարություն արեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ասելով, որ պատահականություն չի համարում ռուսական ինքնաթիռների ներխուժումը Թուրքիայի օդային տարածք: