Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գլխավոր քարտուղար Սայեդ Մուհամեդ Հուսեին Ադելին հանդես է եկել ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու վերաբերյալ սենսացիոն հայտարարությամբ: Նա ասել է, որ ադրբեջանական գազի Եվրոպա մատակարարումները կսկսվեն 2022-2025 թվականներից ոչ շուտ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «գազային ՕՊԵԿ»-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

 

 

Նրա խոսքով' Եվրամիություն ադրբեջանական գազի մատակարարումները կսկսվեն 2022-2025 թվականներից ոչ վաղ, իսկ իրանական գազի մատակարարումները' ավելի ուշ:

 

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք դա ադրբեջանական կամ իրանական գազի օգտին ռուսաստանյան գազից հրաժարվելու քաղաքական քայլ է, Ադելին նշել է, որ որեւէ տնտեսական պատճառ չի տեսնում Եվրոպայի կողմից ռուսաստանյան գազից հրաժարվելու համար:

 

 

Նրա խոսքով' Իրանում գազի արդյունահանման ինքնարժեքը մոտ երկու անգամ մեծ է, քան Ռուսաստանում, նոր գազատարները դեպի Եվրոպա, այդ թվում' TANAP-ը (Անդրանատոլիական գազամուղ, որով ադրբեջանական գազը Թուրքիայի վրայով Եվրոպա է փոխադրվելու), կառուցվում են շատ դանդաղ:

 

 

«Իմ դիտարկումներով, Իրանը ցանկանում է զարկ տալ հեղուկ գազին, քանի որ իրեն շահավետ է գազը Ասիա արտահանել Արաբական ծովով: Թուրքիայով իրանական գազատար խողովակաշարի անցկացումը երկարաժամկետ հեռանկար է, եւ դեռեւս դրա համար նախադրյալներ չկան»,- ասել է Սայեդ Մուհամեդ Հուսեին Ադելին:

 

 

Ադրբեջանի կառավարությունը 2013 թվականի դեկտեմբերին հաստատել է «Շահդենիզ-2» նախագիծը, ըստ որի գազի արդյունահանումն այստեղ պետք է սկսվի 2018 թվականի 4-րդ եռամսյակից: Այդ նախագծի շրջանակում ծրագրվում է տարեկան արդյունահանել 16 մլրդ խմ գազ, որից 6 մլրդ խմ-ն պետք է ուղղվի թուրքական շուկա, իսկ 10 մլրդ խմ-ն' Եվրոպա: Վերջին տվյալներով, ադրբեջանական գազի մատակարարումները հունական շուկա պետք է սկսվեին 2020 թվականի վերջին: