Գեղարքունիքի մարզի տարածքում հոկտեմբերի 7-ի երեկոյան' ժամը 23:23-ին, 2,1 մագնիտուտ երկրաշարժ է գրանցվել, որը զգացել են Գավառի տարածքի մի շարք համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիք, Սարուխան, Լանջաղբյուր համայնքների բնակիչները, երկրաշարժն իրենց համայնքներում արտահայտվել է աղմուկով և ցնցումներով: «Քնից արթնացա մահճակալիս անսովոր ցնցումից և անմիջապես նկատեցի, որ ցնցվում է նաև պահարանը, որի վրա գրքեր են դարսված: Անմիջապես դուրս նետվեցի սենյակից: Վայրկյաններ անց ամեն ինչ խաղաղվեց: Մի քանի ժամ հերթական ցնցման վտանգից վախենում էի քուն մտնել: Բարեբախտաբար, նման բան տեղի չունեցավ»,- պատմեց Սարուխան գյուղի բնակիչ Աղավնի Բունիաթյանը:

 

Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնից հաստատեցին, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գավառ քաղաքից 19 կիլոմետր դեպի հարավ' շատ ավելի մոտիկ Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան գյուղերին: Ավերածություններ կամ զոհեր չեն եղել: